Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերի փակմանը

2019-12-03

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆուտզալի թիմերի եզրափակիչ խաղով դեկտեմբերի 2-ին ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական մարզական խաղերը:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հաղթանակով ավարտված հանդիպմանը հետևել և ուսանողական խաղերի մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, բուհերի ռեկտորներ:

Նախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով ուսանողներին և բուհերի ղեկավարներին, շնորհավորել է հանրապետական ուսանողական խաղերի կայացման կապակցությամբ.

«Դեռ ուսանողական ժամանակներից գիտեմ, թե թիմային պայքարի և բուհերում մթնոլորտը փոխելու տեսանկյունից որքան կարևոր են այսօրինակ միջոցառումները: Մենք պետք է զարգացնենք նմանատիպ մրցումները և ապագայում ունենանք ուսանողական լիգաներ: Կարծում եմ՝ մրցումների մասնակիցները կարճ ժամանակում հաճելի պահեր են ապրել. մենք պետք է ջանքեր գործադրենք այդ պահերն ավելացնելու և տարվա ընթացքում ավելի շատ նման մրցումներ ունենալու համար, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Երրորդ տարին անցկացվող հանրապետական ուսանողական մարզական խաղերին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 19 բուհերի և Արցախի պետական համալսարանի ուսանողները: Խաղերի եզրափակիչ մրցումներին մասնակցել է շուրջ 928 ուսանող: Ուսանողական խաղերում պայքարն ընթացել է 7 մարզաձևում` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, ուժային եռամարտ, սեղանի թենիս, հրաձգություն և հնգամարտ: Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Մրցանակակիր բուհերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և ստացել են դրամական պարգևներ, որոնցով կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ մարզագույք:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։