ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական կրթության ծրագիր է իրականացնում` ԿԲ-ի հետ համատեղ

2019-12-02

Աղվերանում տեղի է  ունեցել  «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» թեմայով երկօրյա աշխատաժողով, որտեղ  քննարկվել են ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, մասնավորապես բուհերում դիզայն մտածելակերպի ներդրման արդյունավետությանը նվիրված խնդիրներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Լուսինե Առաքելյանը  քննարկման ընթացքում ներկայացրել է կրթական ծրագրերում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության ներդրման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` հանրակրթական ծրագրերում ներառված են  ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներ, որոնք ինտեգրված են տարբեր առարկաների ծրագրերում և դասավանդվում են դպրոցներում: ԿԳՄՍ նախարարությունը  ֆինանսական կրթության ծրագրի ներդրման նպատակով համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի հետ, մասնավորապես, դասավանդող ուսուցիչների համար իրականացվել են համատեղ վերապատրաստման դասընթացներ:  Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը նշել է, որ ֆինանսական կրթություն  է իրականացվում մոտ 750 հանրակրթական դպրոցներում, և արդեն վերապատրաստվել է մոտ 4000 ուսուցիչ:

 «Ֆինանսական կրթության դասավանդումը  սկսվել է Երևանից,  սակայն այժմ ծրագիրն իրականացվում է նաև բազմաթիվ մարզային դպրոցներում: Ձեռնարկատիրական կրթության դասավանդումն իրականացվում է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում` երկրորդ դասարանից սկսած` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների շրջանակում: Նշված առարկաների կրթական ծրագրերում ներառված են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող թեմաներ և այս ծրագրի շրջանակում մինչ այժմ վերապատրաստվել է 8000-ից ավել ուսուցիչ»,- նշել է Լ. Առաքելյանը` հավելելով, որ կատարվածին զուգահեռ մշակվում են նաև նոր ծրագրեր` ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի պետական բյուջեի  հատկացումներում, ինչպես իր խոսքում նշել է նախարարի տեղակալը,  մոտ 134 մլն դրամ գումար է նախատեսվել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներով՝ հեռուստաֆիլմերի և հաղորդումների պատրաստման համար: Դրանք իրականացվելու են մրցութային եղանակով: 

«Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» աշխատաժողովը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը` համագործակցելով Ամերիկյան համալսարանի հետ «Ստեղծարար միտք. պատրաստվի´ր նորարարության, Հայաստա´ն» ծրագրի շրջանակում:  Ծրագրի ղեկավար Արման Առաքելյանի տեղեկացմամբ 18-35 տարեկան երիտասարդների համար 2019 թ. ընթացքում իրականացվում են մի շարք սեմինարներ` նպատակ ունենալով աջակցել ստեղծագործ ու նորարար երիտասարդներին ձեռնարկատիրական նախաձեռնություններում: 

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։