Կապանը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք

2019-12-02

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ մրցույթում հաղթել է Կապան քաղաքը, որտեղ եկող տարի նախարարությունը կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին: 

2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս  քաղաքային համայնքները։  Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման` տեղում ուսումնասիրությունների արդյունքում: Նոյեմբերի 5-25-ը անցկացված sms քվեարկությամբ ամենաշատ ձայները ստացել է Հրազդանը (2041 ձայն), երկրորդ տեղում Կապանն է (1335), երրորդում՝ Արմավիրը (822), որին հաջորդել են Գավառը (674) և Գորիսը (391): Մրցույթի կազմկոմիտեի և փորձագետների՝ հայտատու քաղաքների մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ կատարած այցելությունների արդյունքում նախապատվությունը տրվել է Կապանին: Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը նշել է, որ արդյունքների համադրումը կատարվել է հնարավորինս անաչառ.

«Ընտրվել է իրապես ամենաարժանի քաղաքը: Կապանն ունի ռեսուրսներ և երիտասարդական ոլորտում ակտիվ աշխատանքների փորձ: Մրցույթի պահանջ չի եղել, որ հաղթող քաղաքն ունենա շատ զարգացած երիտասարդական քաղաքականություն, բայց տվյալ համայնքում մրցույթի միջոցով երիտասարդության ոլորտը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար անհրաժեշտ է որոշակի հիմք»,- ասել է Գ. Լոռեցյանը՝ նշելով, որ գնահատվել են ոչ միայն քաղաքի ռեսուրսները, այլ ընդհանուր հայտը՝ ծրագրային առաջարկներով և համագործակցության պատրաստ կազմակերպություններով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով, քաղաքի համար սա լավ  հնարավորություն է. «Ուրախալի է, որ մրցույթում հաղթել է Հայաստանի հեռավոր մարզ ներկայացնող քաղաքը: Սա կնպաստի Կապանի և ընդհանուր Սյունիքի մարզի երիտասարդական քաղաքականության ակտիվացմանը և տուրիստական հոսքերի շատացմանը: Նախարարությունը խրախուսելու է համայնքներում, հատկապես երիտասարդական մայրաքաղաքում, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվացմանը և աջակցելու է տեղական կազմակերպություններին»,- ասել է Գ. Լոռեցյանը:

Տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի անցկացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խթանել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների առաջխաղացմանը։

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։