Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է կառավարությանը

2019-11-11

Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ:

Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորել է նաև այս մարզում դպրոցական սննդի կազմակերպման հանձնառությունը  ՀՀ կառավարության կողմից` շեշտելով, որ դպրոցական սննդի կազմակերպումը պետք է իրագործվի անխափան և այդ նպատակով հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ՌԴ գործընկերների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ:

«Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք  տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի  ապահովման վրա: Ծրագրի հաջող իրականացման մեջ ներառված են տարբեր շահառուներ: Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործում: Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»,- նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` փոքր համակազմ ունեցող դպրոցներում, որտեղ դպրոցական սննդի ծրագրից օգտվող աշակերտների թիվը մեծ չէ, 2020 թ. պետական բյուջեում ֆինանսավորման նոր բանաձև է կիրառվելու, ըստ որի խոհանոցներում աշխատողների համար նախատեսվում է հավելյալ ֆինանսավորում:

«ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության և Ռուսաստանի Դաշնության շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հիանալի օրինակ է և խորհրդանշում է այն, ինչ հնարավոր է իրականացնել, երբ բոլորս աշխատում ենք մեկ համընդհանուր նպատակի համար՝ ի նպաստ երեխաների ապագայի խթանել կայուն պարենային ապահովությունը», - նշել է Ելենա Միլոշևիչը:

 Ռուսական կողմի ներկայացուցիչ Վ. Կովալենկոն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած արդյունքները` ընդգծելով, որ ծրագրի իրականացման արդյունավետության առումով մեր երկիրն առաջատարն է նախկին Խորհրդային միության երկրների մեջ:

ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովն էլ նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի կազմակերպման հաջողված փորձը հաշվի կառնվի ՌԴ-ում դպրոցական սննդի ծրագրի ներդրման ընթացքում.  «Հայաստանն այս առումով  բավականին առաջ է անցել, որովհետև ՌԴ-ում նոր են սկսվում քննարկումները դպրոցական սննդի կազմակերպման պետական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հայաստանում ես տեսել եմ, որ ծնողների, դպրոցի և պետության համատեղ ուժերով ադյունավետ համակարգ է ստացվել»,- նշել է  Վ. Չերնիգովը:

Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ և նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա: 16 դպրոցում երեխաներին  կտրամադրվի չոր սնունդ մինչև այդ հաստատությունները նույնպես ապահովվեն խոհանոցային ենթակառուցվածքներով։

Նշենք, որ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցական ծրագրից կօգտվի կրտսեր դպրոցի 260 աշակերտ: Այստեղ ՊՀԾ-ի աջակցությամբ  վերակառուցվել  և  նորոգվել է խոհանոցը, որը նախկինում անբարեկարգ տարածք է եղել: Դպրոցի խոհանոցն այժմ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, առողջ սննդի կազմակերպման բոլոր պայմաններով: Բացի այդ` դպրոցին կից ՊՀԾ աջակցությամբ կառուցվում է ջերմոց, որտեղ հետագայում աճեցվելու են դպրոցի սննդի կազմակերպմանն անհրաժեշտ մթերքներ: Դպրոցներին կից ջերմոցների ստեղծումը ՊՀԾ-ի նոր ընդլայնված մոդելն է, որն այժմ փորձարկվում է և հաջող արդյունք արձանագրելու դեպքում կտարածվի նաև մյուս դպրոցներում:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։