Ներկայացվել են Հայաստանում դուալ կրթության փորձարկման արդյունքները

2019-11-11

Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի  կողմից:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ՄԿՈՒ ոլորտում «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ և հանդիսանում է ՄԿՈՒ բարեփոխումների գործում մեր կարևորագույն գործընկերը:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն ՄԿՈՒ 10 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 5 երկարաժամկետ և  3 կարճաժամկետ ծրագրերով: «Երկարաժամկետ ծրագրերի կտրվածքով  մասնագետների թիվը շուրջ երեք անգամ  ավելացել է, որը կարևոր ցուցանիշ է, հետևաբար ծրագիրը պետք է հնարավորինս ընդլայնել: Եթե ցանկանում ենք ֆորմալ կրթությունը ճիշտ իրականացնել, մասնավոր և պետական հատվածների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությունն ապահովել, ապա պետք է հնարավորինս խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ոչ միայն ՄԿՈՒ ոլորտում, այլ նաև բարձրագույն կրթության համակարգում: Վստահ եմ, որ գերմանական կողմի մեր գործըկներներն ունեն համապատասխան փորձ, որպեզի այն տարածենք նաև վերոնշյալ ոլորտում»,-նշել է Ա. Անափիոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ GIZ-ը շարունակելու է բարեփոխումները Հայաստանի ՄԿՈՒ համակարգում՝ «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնությանը ցուցաբերվող աջակցության շրջանակում, որը ներառում է նոր դուալ կարճաժամկետ ծրագրերի մշակում, ՄԿՈՒ համակարգի թվայնացում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակում:

«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարևորում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը»,-իր հերթին նշել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան, Ն.Գ. Միխայել Բանզհաֆը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը:

Միջոցառման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության և խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում իրենց ուսումնառության փորձով, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում և գործնական հմտությունների ձեռքբերումը մասնավոր ընկերությունում:

Նշենք, որ դուալ կրթական ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ փորձարկվում է 4 քոլեջում. Երևանի պետական հումանիտար, Տավուշի, Շիրակի, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով:

Դուալ ծրագիրը նաև ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով և փորձարկվում նոր, օրինակ, «Արևային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության գծով:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։