184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

2019-11-07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում:  Այս տարվա  ԿԳՄՍ նախարարության հատկացումների  տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց  բյուջեում գումարների բացակայության պատճառով  մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների  վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների բարելավման մասին է։ «Այժմ նախարարությունը կատարում է ցուցակագրում, որ ամեն տարի հերթով իրականացնենք ուսումնական բնականոն գործընթացի կազմակերպման համար կարևոր աշխատանքները»,- նշել է նախարարը:

Կառավարության  մեկ այլ որոշմամբ, պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է Ուսուցչի օրվա շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև լուծել ընթացիկ մի շարք հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։