Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում

2019-11-07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։

«Խորհրդանշական այս փաստը վկայում է, որ նախարարությունը կարևորում է ծրագրի՝ Հայաստանի բուհերի կարողությունների հզորացմանն ուղղված նախագծերը։ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ մտնում է արմատական բարեփոխումների փուլ. շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար։ Կատարելագործվում են հավատարմագրման գործընթացները, լայն հնարավորություններ են ստեղծվում համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար, մեծ փոփոխություններ են նախատեսվում բուհերի ֆինանսավորման և կրթական համակարգի արդիականացման ու միջազգայնացման ուղղություններով։ Էրազմուս+ ծրագրի նախագծերը կարող են էապես խթանել այդ բարեփոխումների իրագործումը»,-նշել է նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝  հենց երիտասարդներն են պատասխանատու երկրի ապագայի համար, և շատ կարևոր է աջակցել նրանց ու պայմաններ ստեղծել, որ կարողանան իրենց ուսումը շարունակել արտերկրում, ապա աշխատել Հայաստանում և զարգացնել երկիրը: «Էրազմուս+ ծրագիրը նպաստում է նաև ուսանողների և դասախոսների շարժունակությանը: Մենք երկխոսության քաղաքականություն ենք վարում և բազմաթիվ ծրագրեր ենք տրամադրում Հայաստանին, և սա, իրոք, բեկումնային ձեռքբերում է, որովհետև ՀՀ կառավարությունը մեծապես ներգրավված է այս գործընթացներում»,-նշել է ԵՄ դեսպանը՝ կարևորելով երիտասարդների աշխատունակության բարձրացման և ցկյանս կրթության հարցերը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունը. նրանք ներկայացրել են Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը:

Նշենք, որ ամեն տարի Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` 184 երկրի տասնյակ հարյուրավոր բուհերի և կազմակերպությունների համար, որոնք  կարող են ներկայացնել իրենց հայտերը և ծրագրերը: Այս տարի ևս միջոցներ կտրամադրվեն էրազմուս+ ծրագիրը ֆինանսավորող 34 երկրների և  գործընկեր 150 պետությունների, որոնց թվում է նաև Հայաստանը:

Ամենամյա Տեղեկատվական օրերը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են, որոնք տրամադրում են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունները։ Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվում են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման ամփոփիչ մրցույթում։

Երկօրյա միջոցառման ընթացքում հանրությունը կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին։
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված կլինի հայ-իսպանական կոնտակտային նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 8-ին` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանում:

 

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։