Մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

2019-11-01

Նոյեմբերի 1-8-ը հայտարարվում է մեդիագրագիտության շաբաթ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: Այդ առիթով այսօր տեղի  է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի, Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Բանախոսներն անդրադարձել են մեդիագրագիտության կարևորությանը և ներկայացրել շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ մեդիա կրթությունը ժամանակի հրամայական է. «Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք լսում, կարդում ու վերլուծում, այսինքն` ինչպիսի տեղեկատվություն ենք ստանում ու տարածում: Դա կարող է լինել ցանկացած բնույթի ինֆորմացիա` սկսած տեղեկատվական հոդվածից, մինչև սոցցանցից ստացած ինչ-որ չճշտված լուր»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով` այժմ ընթանում է հանրակրթության պետական չափորոշիչի մշակումը, որտեղ սահմանվելու են սովորողի առանցքային գիտելիքների և հմտությունների  պահանջները. «Մեզ համար առանցքային է մեդիագրագիտության բաղադրիչը բերել  դպրոց` այն ներառելով տարբեր առարկաների կրթական ծրագրերում, որպես ինտեգրված թեմա»,- նշել է Լ. Առաքելյանը և հավելել, որ այդ թեմայի վերաբերյալ նախատեսվում են հանրային քննարկումներ: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրել է Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի  հետ համատեղ իրականացված հետազոտության տվյալները. Հայաստանում մարդկանց 34 տոկոսը երբեք չի ստուգում ինֆորմացիան, 11 տոկոսը հիմնականում ստուգում է: Իսկ ինչպես են ստուգում` հարցվածների 32 տոկոսը ինֆորմացիան ճշտում է որոնողական համակարգի` Google միջոցով, 26 տոկոսն առանձնացնում է վստահելի կայքեր և օգտվում է դրանցից, 23 տոկոսը ինֆորմացիան ճշտում է` հարցնելով ծանոթներին և ընկերներին: «Իմ կարծիքով իրավիճակն այնքան էլ վատ չէ, սակայն, ինֆորմացիոն և թվային մեր ժամանակշրջանում, երբ կա հանրային դժգոհություն, թե սոցիալական ցանցերում  և համացանցում հաճախ տարածվում է չստուգված ինֆորմացիա, լավ կլինի, որ մեդիագրագիտության ցուցանիշներն արտացոլող այս տոկոսները բարձրանան»,-նշել է Նունե Սարգսյանը` ավելացնելով, որ մեդիագրագիտության տարածման առաջնային օղակը կրթության ոլորտն է:  

«Մեդիագրագիտության շեշտը մեզ համար քննադատական վերլուծությունն է, բայց այն իր մեջ ներառում է նաև համացանցից ճիշտ օգտվելու կանոնները, կեղծ լուրեր չտարածելը, անձնական տվյալների հանդեպ զգուշությունը և այլն»,-պարզաբանել է Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:  

 Նշենք, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում դպրոցներում, գրադարաններում, կրթական կենտրոններում և օնլայն հարթակներում ակտիվորեն քննարկվելու են մեդիայից գրագետ օգտվելու սկզբունքներն ու կաննոները։ Դպրոցներում այդ օրերին կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով դասեր, կլինեն դիտումներ ու քննարկումներ:

Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներն են`

նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Լոֆթ սրճարանում ուսուցիչների համար նոր ձեռնարկների շնորհանդես, 
նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում խաղ-դասընթաց` պատանիների համար,
ՄՆԿ աջակցությամբ մարզերում գործող մեդիագրագիտության դպրոցական խմբակների աշակերտները կայցելեն Հանրային ռադիո և հեռուստաընկերություն՝ ներսից տեսնելու մեդիայի աշխատանքը,
մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #MILWEEKARM19, #եսմեդիագրագետեմ հեշթեգերի ուղեկցությամբ։ Իսկ Երևանի մարդաշատ վայրերում քաղաքացիները կարող են լուսանկարվել ինտերակտիվ թեմատիկ գրաֆիտիների հետ՝ «Դու այն ես, ինչ տարածում ես /կարդում ես/ դիտում ես/ լսում ես» կարգախոսներով։

Մեդիագրագիտության միջազգային շարժումը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։