Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կգործի նոր շենքում

2019-10-30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) այսուհետ կգործի նոր ու բարեկարգ շենքում։
Բուռնազյան 37 հասցեում գործող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանն արձանագրել է, որ աշխատանքային պայմաններն այսօր անհամեմատելի են նախկինի հետ։ «Թվային այս դարաշրջանում մեծ տվյալներն առանցքային նշանակություն ունեն կրթական բարեփոխումների ճանապարհին։ ԿՏԱԿ-ի նման հագեցվածությունը դրական ազդեցություն է ունենալու, օժանդակելու է մեզ բարեփոխումներն ավելի արագ իրականացնել»,- վստահեցրել է նա։

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է, որ միջազգային ֆինանսական կառույցը չափազանց մեծ կարևորություն է տալիս մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերին, և ԿՏԱԿ-ի համար աշխատանքային նոր պայմանների ստեղծումը Հայաստանում այդ ուղղությամբ կատարված ներդրումներից մեկն է։

Մինչ այս ԿՏԱԿ-ը գործունեություն էր ծավալում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շենքի չորս սենյակներում, սերվերների համար նախատեսված տարածքները համապատասխան չէին անհրաժեշտ չափանիշներին։ Նոր շենքի հիմնանորոգումը մեկնարկել էր 2018թ.-ի ապրիլից «Կրթության բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով և պետական 20 տոկոս համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 440.264.901 դրամ է։

Մոտ մեկուկես տարում կատարվել են շենքի հիմքի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման, տանիքի, արտաքին և ներքին աստիճանների ու միջնորմների կառուցման, դռների, պատուհանների և օդափոխության համակարգի տեղադրման, ներքին լուսավորության, ջրագծերի և ջեռուցման խողովակների ու էլեկտրականության մոնտաժման, հատակի երեսապատման ու սանհանգույցների սալիկապատման, ներքին հարդարման ու հարակից տարածքի բարեկարգման ու շենքի կահավորման աշխատանքներ: Հիմնանորոգումից բացի, միջոցներ են հատկացվել նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› նախագծմանն ու տեղադրմանը։

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային նոր պայմանների համար՝ կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն արձանագրել է, որ ԿՏԱԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 15 ամյակը։ «Հիմնանորոգված շենքը նոր ու մեծ հնարավորություն է ԿՏԱԿ-ի համար ավելի մեծ եռանդով ու արդյունավետ աշխատելու համար՝ ի նպաստ կրթության որակի բարելավման»,- ասել է նա։

ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 11-ի N 408-Ն որոշմամբ ստեղծված ԿՏԱԿ-ն ապահովում է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն և շարունակականությունը: Կենտրոնն իրականացնում է նաև 1420 կրթական ուսումնական հաստատություններ ընդգրկող Հայաստանի կրթական ցանցի կառավարումը, կենտրոնական հանգույցում գործող սերվերների ընթացիկ տեխնիկական սպասարկումը և ամեն օրյա հսկողությունը, Հայաստանի բոլոր դպրոցների կայքերի անխափան աշխատանքը։

ԿՏԱԿ-ն է ստեղծել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգերը (https://emis.am/) և ապահովում է ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումը, վերլուծությունն ու հրապարակումը։ Կենտրոնն իրականացնում է նաև «Հայկական կրթական միջավայր‰պորտալի (https://www.armedu.am/) և ենթակայքերի (Ֆորում, Հեռավար ուսուցման համակարգ, Պաշարների շտեմարան, Ինտերակտիվ ուսուցում) գործարկումը և Հեռավար ուսուցման կենտրոնի ձևավորումը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։