ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

2019-10-28

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար  Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են  իրականացված և ընթացքի մեջ գտնվող  երկկողմ ծրագրերն ու  հետագա համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` չափորոշիչների մշակումը, դպրոցաշինությունն ու լաբորատորիաների ստեղծումը, բարձրագույն կրթության բարեփոխումները,  նախադպրոցական կրթության զարգացումը:

Կողմերն ընդգծել են  որակյալ կրթության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ծրագրերով նախանշվող մարդկային կարողությունների հզորացմանը միտված հնարավորությունները:

Նախարարը նշել է, որ ընթացող  փոփոխությունները մեծածավալ են և առնչվելու են ոլորտի բոլոր շահառուներին, հետևաբար թիրախային խմբերը պետք է  փոփոխություններին հաղորդակից դառնան։

Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է կրթության ոլորտի բարեփոխումների այս փուլի ընթացքը: Նրա խոսքով` բարեփոխումներն իրենց հիմնական արդյունքը կտան 10-15 տարի հետո, բայց կարևոր է նաև այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքները շոշափելի կլինեն կարճաժամկետ կտրվածքում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԲ կողմից պատրաստվող «Աշխարհի զարգացման զեկույցի» (World development report) մարդկային կապիտալի զարգացման կրթական բաղադրիչին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նոր օրինագծի մշակմանը և մի շարք այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։