ԿԱԻ-ի նախկին աշխատակիցները նախարարին ներկայկացրել են համագործակցության նոր ձևաչափ

2019-10-23

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Կրթություն և գործունեություն» կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչներին: Նրանք նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները` կրթության և մշակույթի ոլորտում մի շարք խնդիրների, մասնավորապես դասավանդման և մանկավարժների վերապատրաստման արդյունավետության վերաբերյալ:

Հիմնադրամը ստեղծվել է Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցների կողմից: ԿԱԻ-ի լուծարումից հետո նրանք որոշել են կրթության համակարգում իրենց փորձն ու գիտելիքները մատուցել նոր ձևաչափով: Դիմել են  նախարարին` առաջիկա 3 տարվա գործունեության  ռազմավարության հիմնական ուղղությունների  ամբողջական փաթեթով` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունը մտադիր է ապակենտրոնացնել մի շարք գործառույթներ և բաց է համագործակցության համար. «Նախարարությունը վերապատրաստումներով և հետազոտություններով չի զբաղվելու, մենք այդ գործառույթը դրամաշնորհային ծրագրերի միջոցով պատվիրակելու ենք տարբեր կազմակերպությունների: Ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ հետազոտական և մասնագիտական վերապարտրաստումների աշխատանքներն ավելի արդյունավետ են  իրականացնում ոչ պետական կազմակեպությունները»,- նշել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ «Կրթություն և գործունեություն» կրթամշակութային հիմնադրամը ևս կարող է մասնակցել  նախարարության դրամաշնորհների մրցույթներին: Ըստ նախարարի`  ԿԱԻ մասնագիտական ներուժը  կարող է շատ օգտակար լինել կրթության ոլորտի հասարակական և փորձագիտական բարձրակարգ հանրույթի  ձևավորման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր` դպրոցների տնօրենների և ուսուցիչների ընտրության, մասնագիտական ներուժի գնահատման մոդելների և համակարգերի վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։