ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի իր գործընկերոջը

2019-10-17

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։

Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը և Միխեիլ Բատիաշվիլիին կարևորել են երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձևաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաև դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը:

Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջև համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի և այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար:

Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաև կարևորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը երիտասարդների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։