ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությունը՝ շարունակական

2019-10-17

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ասիական զարգացման բանկի միջև արդյունավետ համագործակցության առկայությունը․

«Մենք համատեղ աշխատանքի գերազանց փորձ ունենք։ ԱԶԲ-ն մեր հիմնական միջազգային գործընկերներից է, և արդյունքում, մի շարք գործընթացներում հաջողություններ ենք արձանագրել, մասնավորապես, ԱԶԲ-ի տեխնիկական աջակցության առումով։ Մենք շահագրգռված ենք այս համագործակցության ամրապնդման և զարգացման հարցում»,-նշել է նախարարը։

Վերներ Լիպակն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործընկերային հարաբերությունները․

«Մեր համագործակցությունը հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ է, սակայն, մենք ունենք բավարար կամք Հայաստանին աջակցելու նաև կրթության ոլորտում քաղաքականության մշակման հարցում»,-նշել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենը։

Վերներ Լիպակը նաև ընդգծել է, որ չնայած համագործակցության շրջանակը հիմնականում վերաբերում է կրթությանը, սակայն ԱԶԲ-ն հետաքրքրված է նաև երկրի զբոսաշրջության զարգացմանն օժանդակելու հարցում, և ԿԳՄՍ-ն` որպես մշակույթի և կրթության ոլորտը համակարգող գերատեսչություն, կարող է կարևոր գործընկեր դառնալ բնագավառի  մասնագետների պատրաստման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև նախարարության նախաձեռնած բարեփոխումներն ու ռազմավարական ուղղությունները, և ընդգծել, որ այսօր սկիզբ դրված գործընթացները կլինեն երկարաժամկետ և շարունակական։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։