ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

2019-10-15

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ։

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ներքո են գտնվում երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտները և պատրաստակամություն է հայտնել  համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ  աշխատանքներ իրականացնել այս ոլորտներում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմանը, ինչին ի պատասխան՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հավաստել է, որ այդ հարցը գտնվում է կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգում։ Նախարարը նաև անդրադարձել է Հալլեում հայագիտական կենտրոնի աշխատանքին՝ ընդգծելով այդ կառույցի դերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում դեսպան Բանցհաֆը խոսել է նաև ՀՀ-ում «Գյոթե» կենտրոնի առավել հզորացման ու դերի բարձրացման կարևորության մասին։ Այնուհետև, դեսպանը անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել  նշյալ ոլորտում՝ գերմանական առաջատար և հարուստ փորձի փոխանակման համատեքստում։ Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը  հետաքրքրվել է հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին առնչվող գործընթացներով և առաջարկել գերմանացի փորձագետների աջակցությունը:

 Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված  միջոցառումներ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։