«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին»` համաժողով նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

2019-10-09

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով։ Համաժողովի հիմնական բանախոսներից է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, նախ, շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: 

«Մեր երկիրը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-նշել է նախագահը` քաջալերելով երիտասարդներին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը բացման խոսքում անդրադարձել է կրթության և նորարարության փոխկապակցվածության խնդրին. «Մարդկային կապիտալի զարգացման հետ կապված ծրագրերը, որոնց թիրախում երիտասարդներն են,  մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Այսօր մենք քայլ ենք կատարում դեպի այլ դարաշրջան, որտեղ կրթության հարացույցի մեջ կատարվել են կարևոր փոփոխություններ` կրթության մասսայականացում, բաց դասընթացներ, կրթական կենտրոնների տեղաշարժեր, ապակենտրոնացում: Մասնագիտությունները, կրթական ծրագրերի միջև ջրբաժաններն այլևս ընդգծված չեն: Երբ մենք երազում ենք ապագայի մասին, պետք է հասկանանք, որ այն վաղվա համար չէ: Մենք նախագծում ենք ապագան` բոլորս միասին`  արհեստավարժ մասնագետներով, երիտասարդներով, որոնք աջակցում են միմյանց նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Մենք պետք է ոչ թե ձգտենք զարգացման, այլ ինքներս դառնանք այդ զարգացումը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը:

Մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հիշյալ ոլորտներում մասնագիտացված մի շարք հասարակական կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Եվրոպական երիտասարդ դեսպաններ» ծրագրի մոտ երեք տասնյակ մասնակիցներ։

Համաժողովն անցկացվել է չորս թեմատիկ պանելներով, որոնց համատեքստում նախատեսվում է անդրադարձ կատարել նախորդ տասը տարիների ընթացքում կրթության և նորարարության ոլորտում Արևելյան գործընկերության (ԱլԳ) շրջանակում գրանցված հաջողություններին, առկա մարտահրավերներին և ԱլԳ ապագա տեսլականին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։