Կոմիտասի ժառանգությունն անգնահատելի է. Ա.Հարությունյան

2019-10-08

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

«Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նրա ժառանգության դերը հայ ազգային երաժշտության մեջ անգնահատելի է, իսկ յուրօրինակ և չկրկնվող կոմպոզիտորական ոճը չի ենթարկվում որևէ դասակարգման»,-ասել է նախարարը:

Ա. Հարությունյանն արձանագրել է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովն ունի կարևորագույն նշանակություն ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հանրության համար: «Վստահ եմ, որ այն կծառայի իր նպատակին և այս օրերի ընթացքում կլինի լավագույն փորձի փոխանակում, միջմշակութային երկխոսության խորացում և համագործակցային սերտ կապերի հաստատում»,-ասել է նախարարը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին`  Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությանը, Բեռլինի պետական գրադարանին և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին:

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են նաև այն ֆակուլտետ, որտեղ սովորել է Կոմիտասը, ծաղկեպսակ են դրել նրա հուշատախտակին՝  հարգանքի տուրք մատուցելով Վարպետի հիշատակին:

Գերմանիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում նախատեսված են նաև ցուցահանդես, նրա ստեղծագործությունների ունկնդրումներ: Ներկայացուցչական հավաքի աշխատանքները կամփոփվեն  հոկտեմբերի 10-ին: 

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։