Մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները

2019-09-26

Այսօր մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև վստահաբար կարելի է պնդել՝ հասարակական, քաղաքական մտքի դարբնոց և կարեւորագույն կենտրոն: Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ,   եղել են այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը»,-շնորհավորելով բոլոր ժամանակների համալսարանականներին,- ասել է խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:

Ողջույնի իր խոսքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես համալսարանական և նախարար, իր համար պատիվ է ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձով հանդես գալը։ «Երևանի պետական համալսարանը առանձնահատուկ գիտական և կրթական հաստատություն է ոչ միայն իր 100-ամյա պատմության շնորհիվ, այլ նաև որպես Հայաստանի այսօրվա բարձրագույն կրթության բազմազան համակարգի նախահիմք։ 100-ամյա իր պատմության ընթացքում համալսարանն անցել է դժվարին ուղի՝ դիմագրավելով բազմաթիվ արտաքին մարտահրավերների և փորձությունների, սակայն, ի վերջո, մշտապես հաղթահարել է դրանք` շնորհիվ համալսարանական միջավայրին հատուկ ազատախոհության և հասարակության հանդեպ բարձր պատասխանատվության»,-ասել է Ա.Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համալսարանների համընդհանուր հռչակագրի՝ Մագնա Կարտայի համաձայն, որը 1988 թվականին 388 համալսարանների շարքում ստորագրել է նաև ԵՊՀ-ն, հիմնարար սկզբունք է «գիտահետազոտական աշխատանքներում և դասավանդման ընթացքում համալսարանական կյանքի ազատությունը, և կառավարություններն ու համալսարանները, յուրաքանչյուր իր իրավասության սահմաններում, պետք է ապահովեն հարգանքն այդ հիմնարար պահանջի հանդեպ։ Մերժելով անհանդուրժողականությունը՝  համալսարանը պետք է պատրաստ լինի բաց երկխոսության»։

«Խորհրդանշական եմ համարում, որ, ընդունելով Ակադեմիական ազատությունների մասին հռչակագիրը, համալսարանը վերահաստատում  է 30 տարի առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Կառավարությունն այսօր նախաձեռնել է մեր երկրի բարձրագույն կրթությունն արդիականացնելու կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են՝ աջակցելու բուհերի մրցունակությունը և կրթության որակը բարձրացնելու, կրթությունն ու գիտական հետազոտությունն ինտեգրելու ջանքերին, և մայր բուհի 100-ամյա հոբելյանը լավ առիթ այդ ուղղությամբ ակադեմիական հանրության ներուժը մեկտեղելու և սերտ համագործակցությամբ այդ նպատակներին հասնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Նիստի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական ազատության մասին նշյալ հռչակագիրը:

ԵՊՀ-ի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով Անանիա Շիրակացի մեդալով են պարգևատրվել ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը, իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանն արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

Խորհրդանշական հոբելյանի կապակցությամբ գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին ՀՀ նախագահի հրամանագրով  շնորհվել է ՀՀ  գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։