Փոփոխություններ՝ ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում

2019-09-17

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում կատարվել են որոշ փոփոխություններ:

Նախ, փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալու մասին կետը:

Եթե ուսուցիչները նախկինում պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա ներկայում ընդունվում է նաև նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը: Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։

Մեկ այլ փոփոխություն. ուսուցիչների հեղինակած գիտական կամ մանկավարժական հոդվածները կարող են տպագրված լինել ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կամ միջազգայնորեն կամ Կրթության ազգային ինստիտուտի կամ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների կամ համահայկական կամ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից հաստատված պարբերականներում: Որպես բնութագիչ ներկայում ընդունվում են նաև ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։