Օրակարգում՝ հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի կանոնակարգը

2019-08-14

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր հանդիպել է ՀՀ բուհերի ռեկտորների և ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի կանոնակարգը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Գևորգ Լոռեցյանը, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել բարձր մակարդակի ուսանողական մարզական լիգաներ, որոնք ոչ միայն կնպաստեն ուսանողների մարզական ունակությունների զարգացմանն ու նրանց համար կստեղծեն պրոֆեսիոնալ սպորտի անցման հնարավորություն, այլ նաև կբարձրացնեն հենց համալսարանների վարկանիշը։ Միասին մենք պետք է գնանք դեպի ուսանողական մարզական խաղերի նոր, ավելի մրցակցային համակարգի ներդրման ուղղությամբ»։

Հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի նպատակն է՝ ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումը, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիրակումը և  սիրողական սպորտից պրոֆեսիոնալ սպորտի անցման հնարավորության ստեղծումը:

Խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ԿԳՄՍ նախարարությունը, աջակցում են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի մարզական ֆեդերացիաները:

Խաղերին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր պետական բուհերի մարզական ակումբները մի քանի մարզաձևերում (բասկետբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս):

Հանդիպման ընթացքում հնչել են տարբեր առաջարկություններ, և բուհերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորության ամբողջ ծավալով մասնակից լինել նախաձեռնության իրականացմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։