Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին

2019-08-13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրին առնչվող հարցերը։ Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Չեխիայի համապատասխան կառույցների հետ համագործակցության ձևաչափերի ստեղծումը և կապերի խթանումը նույնպես կարևորվել է նախարարի կողմից։

Կողմերը քննարկել են նաև STEM (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) բնագավառում հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների ընդգրկմամբ համագործակցային ծրագրերի իրականացման հնարավորության հարցը՝ ընդգծելով, որ այս ոլորտներում հայ-չեխական փոխգործակցությունը լայն հեռանկար ունի։

Նախարար Ա. Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել կիսել Հայաստանի դպրոցների մշակութային և տեխնոլոգիական կրթության փորձը։ Դեսպան Բեդրիխ Կոպեցկին էլ հայտնել է իր հետաքրքրվածությունը կապված հայկական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման և Չեխիայում այս փորձի կիրառման հետ։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։