Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել ՃԿՊԱ շրջանավարտներին

2019-07-08

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք:

Բակալավրի կրթական աստիճան է ստացել 6 մասնագիտություններով ուսուցում անցած 178 ուսանող, ավարտական դիպլոմներ՝ նաև միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը հաջողությամբ հաղթահարած 53 շրջանավարտ: 
Գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին դիպլոմները հանձնել են Արայիկ Հարությունյանը և Ֆելիքս Ցոլակյանը:
Միջոցառման սկզբում ներկաները ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկությամբ հարգել են հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա և հուլիսի 7-ին Վրաստանի՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարների հետևանքով զոհվածների հիշատակը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ նախատեսվում էր միջոցառումը կազմակերպել շատ ավելի հանդիսավոր կերպով՝ ԱԻՆ նվագախմբի ելույթով և համերգային ծրագրով, սակայն տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով, ցավոք, գրանցվեցին զոհեր, ինչն ինքնաբերաբար բացառում է որևէ տոնական միջոցառման անցկացում: 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով շրջանավարտներին, կոչ է արել ապագայում հավուր պատշաճի օգտագործել ստացած մասնագիտական գիտելիքները: «Դուք այսօր նոր՝ կարևոր շրջափուլ եք սկսում: Բոլոր նման միջոցառումներին ես խորհուրդ եմ տալիս և կոչ անում, որպեսզի այդ նոր փուլում արագ կողմնորոշվեն, գտնեն իրենց սիրելի աշխատանքը, աշխատավայրը, որպեսզի ընթացքը լինի անշեղ, և այն նոր գիտելիքները, որոնք ստացել են իրենց ուսումնական հաստատությունում, կիրառելի լինեն։ Վստահ եմ, որ ստացել եք լավ գիտելիք, նոր գործիքներ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն։

«Մասնագիտություն ձեռք բերելը կյանքի կարևոր շրջափուլերից է, և միաժամանակ, նոր ուղու սկիզբ: Իսկ ձեր ընտրած ուղին, վստահաբար, հեշտերից չէ: Փրկարար լինելը, բժշկի մասնագիտությունից էլ ավելի բարդ է, քանի որ նա ոչ միայն ուրիշի կյանքեր է փրկում, այլև շատ հաճախ վտանգում է իր կյանքը՝ ուրիշին փրկելու համար: Վստահ եմ, որ մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվելու ձեր գործին և հասկանում եք, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենօրյա համառ պայքար՝ հանուն փրկված կյանքերի և ընդդեմ աղետների անդառնալի հետևանքների»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:


Միջոցառման վերջում ՃԿՊԱ շրջանավարտները ցուցադրել են իրենց մասնագիտական հմտությունները, իսկ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը նախարարներին ներկայացրել ակադեմիայի տրամադրության տակ եղած և ուսուցման գործընթացում կիրառվող մասնագիտական տեխնիկան և ուսումնական գրականությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։