Բիզնես և կրթություն-երկխոսություն. քննարկում ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում

2019-06-17

Լոռու մարզի Դեբեդ համայնքի ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվել է «Բիզնես և կրթություն-երկխոսություն» թեմայով համաժողով, որը «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» գերմանական ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Հայաստանի մանուկներ», «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամների հետ համագործակցությամբ:

Համաժողովն ուղղված էր մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն կապի ստեղծմանն ու ամրապնդմանը, մասնագիտական կրթության համակարգի բարելավմանը և կրթություն-աշխատաշուկա երկխոսության կայացմանը: 

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը կարևորել է նման քննարկումների կազմակերպումը՝ կրթություն և աշխատաշուկա համագործակցության առումով. «Մեզ չափազանց մտահոգում է, որ մի կողմից ունենք միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների մի հսկայական բանակ, մյուս կողմից՝ բավականին թվով թափուր հաստիքներ տարբեր բնագավառներում, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լրացվում մասնագետ կադրերի պակասի պատճառով: Ուստի, այս ուղղությամբ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարբեր միջազգային կառույցների և հիմնադրամների աջակցությամբ մեկնարկած բարեփոխումները ողջունելի և կարևոր են»,-նշել է Գայանե Մարկոսյանը՝ հույս հայտնելով, որ համաժողովի ընթացքում լիարժեք կբացահայտվեն Լոռու մարզի աշխատաշուկայի իրական կարիքներն ու պահանջները և կհստակեցվի ձեռնարկությունների դերը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում: Նրա խոսքով՝ այսպիսով նախաձեռնությունը կծառայի իր վերջնանպատակին, այն է՝ նպաստել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հիմնական բանախոս ԿԳՄՍ նախարարության նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և զարգացման միտումները» թեմայով շնորհանդես, որի համատեքստում նա կարևորել է ՄԿՈՒ ոլորտում գործատունների հետ համագործակցությունը, ինչպես նաև մարզի աշխատաշուկայի պահանջարկից բխող նոր մասնագիտությունների ներդրումը:

Հիմնական ելույթներից հետո ֆոկուս խմբերի աշխատանքներ են իրականացվել բիզնես և կրթություն-երկխոսության խնդիրները, գործընկերներից յուրաքանչյուրի դերն ու պարտականությունները, բիզնես և կրթություն-երկխոսություն աջակցման ձևաչափերը, գործիքները թեմաների շուրջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։