Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում

2019-06-13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոյին։ Հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարներն էին, քանի որ թե՛ նախարարի, թե՛ դեսպանի համոզմամբ` այստեղ Հայաստանն ու Մեքսիկան լուրջ ներուժ ունեն:

«Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավար և զարգացած հասարակություն ունենալու համար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների պատմությունն ու համապատասխան կամքի առկայությունը՝ այս ոլորտներում արդյունավետ համագործակցության լայն հնարավորություններ կան»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Խոսելով համագործակցության այնպիսի ուղղությունների մասին, ինչպիսիք են երկկողմ կրթամշակութային օրերի անցկացումը, հայերենից իսպաներեն և իսպաներենից հայերեն տարբեր ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունը՝ Նորմա Պենսադոն, մասնավորապես, նշել է. «Մեր երկրները հազարամյա պատմություն ունեն, մենք շատ ընդհանրություններ ունենք, և մեր նպատակներից մեկը կրթության և մշակույթի ոլորտում ունեցած կապերի ամրապնդումն ու զարգացումն է»։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոն նաև քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի  և գիտակրթական ոլորտներում գործող  և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համատեղ հուշագրերի պատրաստման հետ կապված հարցեր։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։