«ԴասԱ-ն կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ». Արայիկ Հարությունյան

2019-06-01

Այսօր ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։ 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, և հաջողվածներից մեկն է «ԴասԱ-ն։ «Կարծում եմ՝ ծրագիրը սիրվել է աշակերտների կողմից. մենք արձագանքներ ենք ստանում դպրոցներից՝ տնօրեններից և ուսուցիչներից, որոնք մասնակցել են «ԴասԱ-ի թե՛ դասախոսական հատվածին, թե՛ համերգներին։ Սա կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ։ Մենք 21-րդ դարի աշակերտին պետք է կրթությունը մատուցենք նրան հաճելի գործիքներով»,-նշել է նախարարը՝ընդգծելով, որ այս նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները վաղ տարիքից կարողանան հաղորդակցվել բարձր արժեքների հետ։ 

«ԴասԱ-ն թույլ է տալիս այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի պատանին ավելի հաճույքով գնա համերգասրահ, և իր համար դասական երաժշտությունը հարազատ ու հասկանալի լինի»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝հավելելով, որ կազմակերպիչների հետ կքննարկեն, թե ինչ խնդիրներ են առաջացել ծրագրի իրականացման ընթացքում, որպեսզի համապատասխան շտկումներ արվեն՝ հետագայում ԴասԱ-ն աշակերտների համար է՛լ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար։ 
Արայիկ Հարությունյանը նաև հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրն է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենա։ Նա հիշատակել է այն փաստը, որ միջազգային մամուլը նույնպես հետաքրքրվել այս նախագծով՝ շեշտելով, որ Հայաստանը ստեղծում է այնպիսի պրոդուկտներ, որոնք նորություն են ավելի զարգացած կրթական համակարգ և ավելի մեծ մշակութային հնարավորություններ ունեցող երկրների համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ երեխաներին հղված ուղերձը եղել է այն, որ դասական երաժշտությունը կարող փոխել նրանց կյանքի որակն ու աշխարհայացքը։ Սերգեյ Սմբատյանը կոչ է արել ծրագրին մասնակից աշակերտներին դառնալ դասական երաժշտության տարածողն իրենց շրջապատում։ Նա խոսել է նաև հայաստանցի և արտասահմանցի անվանի երաժիշտների մասին, որոնք ԴասA-ի շրջանակում դասախոսություն են կարդացել` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հովհաննես Չեքիջյան և այլք։ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ հատկապես արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտները, ում հետ հաճախ զրուցում է ԴասԱ-ի մասին, չեն պատկերացնում, որ Հայաստանում իրականացվում է կրթական այնպիսի նախագիծ, որը միտված է երեխաներին տալ գիտելիք՝ դասական երաժշտության մասին: 

Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները ծրագրի մասին՝ հարցեր ուղղելով նախարարին և, դիրիժորին։ 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Պետրոսյանը նշել է, որ շատ տարիներ առաջ լսում էր դասական երաժշտություն, և ԴասԱ-ն նպաստեց, որպեսզի արթնանա գեղեցիկ երաժշտության իր նախասիրությունը։ «Դուք օգնեցիք ինձ գտնել մարդուն և բնությանը կապող օղակը դասական երաժշտությամբ»,- նշել է Թամարա Պետրոսյանը։

ԴասԱ-ն 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում մուտք է գործել Երևանի 35 ավագ դպրոցներ՝ ընդգրկելով 10-12-րդ դասարանների ավելի քան 13500 աշակերտների։ Նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Հետադարձ կապը ԴասA-ի մասնակիցների հետ ցույց է տվել, որ ծրագրի արդյունքում ավելի քան 2000 աշակերտ վերադարձել է համերգասրահ: Եվ հաշվի առնելով բազմաթիվ դիմումները մարզային դպրոցներից՝ մայիսի 28-30-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն այցելել է Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի մարզեր՝ հանդիպելով Չարենցավան, Գավառ, Արամվիր, Աշտարակ, Դիլիջան քաղաքների աշակերտների հետ և ներկայացնելով «ԴասA» նախագիծը։ Ի դեպ, ԴասԱ-ի առաջին փուլի ամփոփիչ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաև «Օտրի տրիո» անսամբլը:
Հիշեցնենք, որ ԴասԱ-ն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։