ԿԳ նախարարը մեկնել է ՉԺՀ՝ մասնակցելու «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին

2019-05-16

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։  Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։ Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում։ Համաժողովում զեկույցով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախատեսված է նաև, որ այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։