Ներառականությունը նաև երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելն է. Լ. Առաքելյան

2019-05-14

«Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը» ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում իրականացրել է հետազոտություն: Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկներն այսօր ներկայացվել են հանրությանը: Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: «Համոզված եմ, որ ԿԳՆ-ի այն քաղաքականությունը, որի շրջանակում մշակվում, վերանայվում և կանխվում են հնարավոր բոլոր թերությունները, այս պահին մեզ համար միակ ճշմարիտ ճանապարհն է: Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելը: Մեր որդեգրած քաղաքականությունն է՝ առերեսվել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղել: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, երկարատև և խոչընդոտներով լի, սակայն համոզված եմ, որ հաջողելու ենք գործընկերային մթնոլորտում, քանի որ մեր օրակարգում բացառապես պետք է լինի երեխայի շահը: Այս հետազոտությունը մեզ համար կարևոր է, որովհետև վստահ եմ, որ դրա միջոցով կվերհանվեն խնդիրներ, որոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և հաջորդ մարզերում համընդհանուր ներառականության անցումն իրականացնել առավել անցնցում, գրագետ  և պրոֆեսիոնալ»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝  շնորհակալություն հայտնելով բոլոր հասարակական կազմակերպութուններին, որոնք, ըստ փոխնախարարի, քննադատելուց բացի, առաջարկում են նաև լուծումներ: Լուսինե Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթության, որը հնարավորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ: «Եթե ժամանակին բոլոր խնդիրները լուծվեին, գուցե այսօր Երևանում չլինեին այն բարդությունները, որոնց բախվում ենք: Սակայն մենք չենք ընկրկում և վստահ եմ, որ մեր ինքնաքննադատական քաղաքականությունը մեզ միշտ աչալուրջ կպահի, և ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշել է նախարարի տեղակալը:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գյուղական համայնքներում:

Հետազոտության հիմնական արժեքը կայանում է նրանում, որ այն հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրա, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծվել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառուցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։