Համագործակցության նոր հեռանկարներ` բժշկական կրթության ոլորտում

2019-05-10

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում քաղցկեղով տառապող հիվանդների բուժման մակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնող «Վարան Արմենիա» ընկերության  գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադ Փանահը։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը Գիլան նահանգի բժշկական համալսարանի հետ շարունակական համագործակցություն հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ համադրելով երկու երկրների կրթական և առողջապահական համակարգերում կուտակված փորձն ու գիտելիքը՝ կարող են երկու կողմերի համար էլ դրական արդյունքներ ապահովել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենակարճ ժամկետում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և մշակել ձևաչափեր, որոնք թույլ կտան հայ մասնագետների համար շարունակական զարգացման դասընթացներ կազմակեպել Գիլան նահանգի բժշկական համալսարանում, անցկացնել համատեղ աշխատաժողովներ, ինչպես նաև փոխանակման ծրագրեր իրականացնել բժշկության ոլորտում, մասնավորապես ուռուցքաբանության, ռադիոթերապիայի, ուղեղային վիրաբուժության, վերականգնողական բժշկության, ակնաբուժության և այլն։

Հանդիպման ավարտին Գիլան նահանգի բժշկական համալսարանի ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը գոհունակություն է արտահայտել կառուցողական և գործընկերային քննարկման համար և ընդգծել, որ համագործակցության մշակվող ձևաչափերը հնարավորություն կտան արդյունավետ օգտագործել բժշկական կրթության ոլորտում երկու երկրներում առկա ներուժը:

 

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։