Հայ-շվեցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում

2019-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:
Ողջունելով հյուրին՝ Արայիկ  Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական  փոխգործակցության  նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված  կրթության ոլորտը տնտեսական հեղափոխության իրականացման և հասարակական վերափոխումների կարևոր հիմնասյուներից է: Նախարարի խոսքով, կրթության ոլորտի առաջնահերթություն համարվող բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը նպաստելու է Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրված բարձր տեխնոլոգիաների ու «Հայտեք» կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը: Հանդիպման ընթացքում, ԿԳ նախարարը նշել է նաև, որ գյուղատնտեսության զարգացմանը միտված ագրարային մասնագիտությունների արդիականացման նպատակով ներկայում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Լազարոթոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքով, Շվեյցարիայի համար առաջնային համարվող գյուղատնտեսության ոլորտը լուրջ հաջողություններ է արձանագրել և այդ համատեքստում՝ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ հատկապես ագրարային մասնագիտությունների և վերապատրաստումների ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման մի շարք այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։