Մեր ցանկությունն է ընդունել կենսունակ օրենքներ, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը. ԿԳ նախարար

2019-03-26

Տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ակադեմիական ինստիտուտների տնօրեններ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ԳԱԱ արտասահմանյան անդամներ, գիտության ոլորտի այլ ներկայացուցիչներ:

ԳԱԱ  նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հաշվետու ելույթում ամփոփել է 2018 թվականի գործունեության հիմնական արդյունքները: Նա նշել է, որ անցյալ տարի գիտական աշխատանքների ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է 6 մլրդ դրամ, որի 70 տոկոսը կազմում է աշխատավարձի  մասնաբաժինը: Արտաբյուջետային ֆինանսավորումը կազմել է 2,2 մլրդ դրամ, որը 200 մլն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում   ելույթ է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության գործունեության հիմնական ուղղություններն ու գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ճանապարհները:

ԳԱԱ ընդհանուր ժողովում գիտնականների ելույթներից հետո, նրանց կողմից բարձրացված հարցերին ու խնդիրներին ամփոփիչ խոսքում անդրադարձել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մեր առաջիկա կարևոր անելիքներից է «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը, որով մենք մի շարք նոր լուծումներ ենք առաջարկում: Ի սկզբանե արձանագրել ենք, որ գիտահետազոտությունը  կամ ընդհանրապես դուրս է մնում, կամ բավարար չափով ներառված չէ համալսարանական կյանքում: Օրինագիծը հետազոտական բաղադրիչի ավելացման պահանջ է սահմանում: Մեզ երբեմն քննադատում են` ասելով, որ չենք ներկայացրել կրթության և գիտության զարգացման ռազմավարությունը. սա իրավացի գնահատական է: Բայց նաև ինքներս մեր առաջ խնդիր ենք դրել նախ ճանաչել համակարգի բոլոր դերակատարներին, ուսումնասիրել բաղադրիչները, նոր միայն մշակել ռազմավարություն, որպեսզի նոր ռազմավարությունը հիմնված լինի իրական կյանքի վրա»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարարը և շեշտել, որ ընդամենը վերջերս, կարդալով 2011-15 թվականների «Կրթության զարգացման  ռազմավարությունը», համոզվել է, որ նման փաստաթղթերը երբեմն ստեղծվում են իրավական կամ մեկ այլ պարտադրանքից  ելնելով, և մնում են սոսկ որպես փաստաթուղթ` ոլորտի զարգացման վրա այդպես էլ որևէ ազդեցություն  չունենալով: «Մեր ցանկությունն է մշակել և ընդունել կենսունակ օրենքներ, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը, ձևական որևէ փաստաթուղթ չենք ընդունելու»,- նշել է նախարարը:  Արայիկ Հարությունյանի խոսքով` անցյալ տարի ակադեմիական կազմակերպությունների և բուհերի համատեղ գիտական հրապարակումներն ընդամենը 165-ն  են եղել, որն ընդհանուր հրապարակումների մեջ շատ քիչ  ծավալ է  կազմում, ինչը լուրջ մտահոգություն է: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը`  նախարարն ընդգծել է, որ պետական հատկացումներից բացի, որոնք շատ կարևոր են, պետք է աշխատանք տանել նաև մասնավոր ոլորտի  ներդրումների ներգրավման ուղղությամբ, քանի որ գիտությունը պետք է  լուծումներ գտնի ոչ միայն պետության, այլ նաև բիզնեսի և տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծման համար:

«Քայլերը, որոնք ուզում ենք անել ձեզ հետ համագործակցելով, նպատակ ունեն երկրի կառավարումը, այդ թվում նաև գիտության կառավարումն ավելի արդյունավետ դարձնել»,-դիմելով ներկաներին` նշել է Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով մասնավորապես հայագիտության զարգացման խնդիրներին, ԿԳ  նախարարն ընդգծել է, որ Հայաստանից դուրս գտնվող հայագիտական կենտրոններում հսկայական նյութ է կուտակված, որն ուսումնասիրված չէ, մինչդեռ Հայաստանում տարիներ շարունակ տեղապտույտ է կատարվում բազմիցս ուսումնասիրված և ծեծված նյութերի շուրջ. «Մենք այս ասպարեզում պետք է կարողանանք գնալ փոփոխությունների, պետք է փոխենք հայագիտության զարգացման հետաքրքրությունների շրջանակը, որպեսզի հետագայում, նաև գիտական այդ հետազոտությունների միջոցով կարողանանք պահպանել Հայաստանից դուրս գտնվող հայկական ժառանգությունը, ինչու չէ, նաև մտածենք` այն Հայաստանի Հանրապետություն ետ բերելու մասին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ակադեմիայի գիտական ինստիտուտների խնդիրներին` ԿԳ նախարարը  նշել է, որ այժմ  ԿԳՆ Գիտության կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել արդյունքների չափման նոր մեթոդաբանությունը: Այս հարցում նախարարն ակնկալում է ակադեմիական հանրույթի ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը` ընդունելի իրավական փաստաթուղթ ունենալու համար: Արայիկ Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է նաև բազային ֆինանսավորման և  ոլորտային մի շարք այլ ընթացիկ հարցերի: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։