Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել կրթական բարեփոխումներին

2019-03-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ Ասիական զարգացման բանկի գործունեության կապակցությամբ: Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ-ում բարեփոխումներն ընթանում են մեծ թափով: «Կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքներն այն հիմնասյուներն են, որոնք առաջիկա տարիներին գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր ոլորտներում հապաղումների պատճառը կրթության ոլորտի բացթողումներն են եղել: Այդ պատճառով էլ ներկայում բոլոր ուղղություններով ունենք մեծ անելիքներ՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն: Մեր հիմնական սկզբունքն է՝ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կրթական համակարգը 2015 թվականից չունի կրթության զարգացման ռազմավարություն, և նախարարությունը ձեռնամուխ է եղել դրա մշակմանը: Արայիկ Հարությունյանը նաև կարևորել է, որ բանկի ծրագրերը համընկնում են բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ ընդգծելով, որ ներկայում բանկի հետ բանակցում են 2030 թ. նպատակային թիրախների և 2025 թվականի գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական աջակցության ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են հանրակրթական նոր չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր՝ Ասիական զարգացման բանկից ակնկալելով աջակցություն հանրակրթության ոլորտի կառավարման հայեցակարգային ուղղությունների և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ուսուցիչների ազգային ստանդարտների մշակման գործընթացին: «Մենք ակնկալում ենք նաև աջակցություն դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի գործընթացում, քանի որ վիճակագրական տվյալների պակասը բարդացնում է բարեփոխումների ընթացքը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և գիտահետազոտական կենտրոնների հարցերին:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմն անդրադարձել է ԱԶԲ-ի և ԿԳՆ-ի համագործակցությանը` նշելով, որ բանկը պատրաստակամ է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են տարբեր պետությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությանը: Սյուրքանի Իշաք Քասիմը նաև կարևորել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները՝ այն դիտարկելով որպես մարդկային կապիտալի ստեղծման, բիզնեսի և երկրի տնտեսական զարգացման գրավական:

Արայիկ Հարությունյանը, կարևորելով կրթության–աշխատաշուկա կապը,  ընդգծել է, որ ՄԿՈՒ ոլորտում ծավալուն աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, բիզնեսի ներգրավման և դուալ կրթության ներդրման տեսանկյունից: «Տնտեսության զարգացման համար ՄԿՈՒ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի: Վերջին ամիսների ընթացքում փորձ է արվել ելակետային վիճակի բերել կրթության բոլոր ուղղությունները, որից հետո արդեն անցում ենք կատարում ռազմավարական փաստաթղթերի մշակմանը»-,նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։