Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

2019-03-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար՝ հատկապես կրթության համակարգում առկա է մեծ ներուժ»: Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ ԿԳ նախարարը  դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող  բարեփոխումները: Անդրադառնալով, համընդհանուր ներառականության գործընթացին՝ նախարար Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Ուրախ էի իմ պաշտոնավարման մեկնարկին հանդիպել նախարար Արայիկ
Հարությունյանին և քննության առնել մեր ամուր համագործակցությունը կրթական ոլորտում, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական
կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են անգլերեն լեզվի դասավանդմանը, անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցների սեյսմակայունության ապահովմանը և հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը վերաբերվող մի շարք այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։