ԵՄ-Հայաստան համագործակցություն. հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների

2019-03-18

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Ուսուցման եվրոպական հիմնադրամն այսօր կազմակերպել էին «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առանձնակի է կարևորում կրթության  նշանակությունը, որն արտացոլվում է ինչպես փաստաթղթերում, մասնավորապես, կառավարության ծրագրում, այնպես էլ հնչեցված հայտարարություններում: «ԵՄ-ի հետ քննարկումներում երիտասարդության և կրթության հարցերը եղել են առաջնային: Մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերը, և իմ պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել և կոնկրետ աշխատանքներ կատարվել: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրի՝  տարեկան գործողությունների պլանի համատեքստում կարևորում ենք «ԵՄ-ն հանուն նորարարության», «ԵՄ-ն քաղաքացիների համար» և «Հորիզոն 2020»-ի համար մշակվող հնարավոր համագործակցության ծրագրերը: Եվ այս պլատֆորմն այդ առումով նշանակալի է: Մենք գիտենք, թե ԵՄ-ն որքան է կարևորում երկկողմ հարաբերությունները և որքան նշանակություն է տալիս նորարարությանը: Կրթության համակարգի շահառու խմբերի հետ իմ հանդիպումները ցույց են տալիս, որ մենք ունենք փայլուն աշակերտներ և երիտասարդներ, որոնք 21-րդ դարի քաղաքացիներ են, և նրանք, ըստ էության,  նշանակալի դերակատարում ունեցան նախորդ տարվա իրադարձություններում: Սակայն, դրան զուգահեռ, ցավոք, ունենք 20-րդ դարի կրթական համակարգ, և հաճախ որոշ փոքր շահառու խմբերի կողմից կան միտումներ, որ ոչ թե նրանք են ցանկանում հասնել 21-րդ դարի քաղաքացուն, այլ փորձում են վերջինիս հետ քաշել 20-րդ դար: Իհարկե, այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որովհետև այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, սակայն կառավարությունը հաստատակամ է այս ուղղությամբ, և նաև դա էր պատճառը, որ կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքների զարգացումը գերակա երեք առաջնահերթությունների մեջ են»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գոհունակություն հայտնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում քննարկումների կապակցությամբ: «Գիտեք, որ կառավարության ծրագրում հատուկ շեշտվում է, որ ձգտում ենք ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, իսկ առանց կրթության ոլորտում հատուկ գործիքների ներդրման, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում, չենք կարող հաջողություն ունենալ, ուստի այդ խնդիրը լուծելու համար մենք կառաջարկենք ծրագրեր: ՄԿՈՒ ոլորտում նույնպես նախկինում բավական աշխատանք է կատարվել, որոնք կրելու են շարունակական բնույթ: Մասնավորապես, բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում նախորդ տարիներին որոշակի հապաղումներ ենք ունեցել, սակայն համոզված ենք, որ արդեն այս տարի դրանք կսկսեն լուծումներ ստանալ»,-ավելացրել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման արդյունքում ևս կխորանա ԵՄ-ի համագործակցությունը և կմատնանշվեն նոր հնարավորություններ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ ենք ՀՀ մեր գործընկերների հետ սկսել համագործակցության երկխոսությունը կրթության ոլորտում: Համոզված ենք, որ կրթությունը կարևոր դեր ունի ներկայիս կառավարության ծրագրում, որը ճիշտ ռազմավարական ընտրություն է, քանի որ կրթությունն անգնահատելի նշանակություն ունի: Հայաստանն ունի տաղանդավոր ժողովուրդ, հզոր մարդկային ռեսուրս և արժանի է նոր ջանքի՝ իր կրթական համակարգն արդիականացնելու և բարելավելու: Կրթական բարեփոխումները բարդ են, հղի մարտահրավերներով: Բացի այդ, տեխնոլոգիական հեղափոխությունը և փոփոխությունները խելահեղ արագությամբ են ընթանում: Շատ եվրոպական երկրներում կրթությունը դարձել է մշտական և շարունակական խնդիր, որի լուծմամբ երբեք չես բավարարվում: Դրա մասին պետք է մտածել ամեն օր՝ ինչպես այն արդիականացնել: Գիտենք, որ դա դժվար է, հետևաբար մենք պատրաստ ենք կիսվել եվրոպական փորձով: Մենք ուրախ ենք, որ այժմ աշխատում ենք այնպիսի կառավարության հետ, որն այդքան մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և ունի այսպիսի պատվախնդիր ծրագրեր: Ուրախ ենք, որ գործընկեր ենք ՀՀ ներկայիս կառավարությանը և հնարավորինս կօժանդակենք նրան»:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը  ևս ընդգծել է, որ ներկայիս կառավարության համար կրթությունը և երիտասարդությունն առաջնային են: «Գիտենք, որ հմտությունների ազգային շրջանակը դիտում եք ՀՀ կառավարության առաջնահերթություն, և մենք ուրախ ենք այդ հարցով համագործակցել: Արագ փոփոխվող աշխարհում կարևոր է ներդրումը երիտասարդության մեջ և նրա զինումը համապատասխան հմտություններով: Ուրախ ենք, որ կառավարության ծրագիրը համապատասխան  ուշադրություն է դարձնում այդ խնդիրներին: Նորարարությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, մաթեմատիկան այն հիմնական ոլորտներն են, որտեղ Հայաստանն ավանդաբար առաջատար է եղել՝ իր փայլուն գիտնականների սերունդներով, և մենք պատրաստ ենք օժանդակել հեղափոխական բարեփոխումներին, այդ թվում՝ Թուրինյան գործընթացի շրջանակում»,-նշել է նա:

Քննարկման ընթացքում ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է համառոտ հաշվետվություն՝ Հայաստանի կրթության և գիտության համակարգի զարգացման նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։