Միջգերատեսչական հանձնաժողովը կպատրաստի ազգային փոքրամասնությունների և լեզուների վերաբերյալ զեկույց

2019-03-14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությունների և լեզուների եվրոպական խարտիայի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով նախատեսված հերթական 5-րդ զեկույցի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային նիստը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների` վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի,  կրթության և  գիտության, արդարադատության, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ազգային վիճակագրական ծառայության և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ: Աշխատանքները համակարգում է ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիյա Բալասանյանը:
Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 28-ին կայացված որոշմամբ հաստատվել է  փոքրամասնությունների լեզուների խարտիայի զեկույցների հրապարակման նոր ժամանակացույց:  Ըստ այդմ` 2019 թվականից սկսած հրապարակվելու են  հնգամյա պարբերական զեկույցներ, իսկ երկուսուկես տարվա  ընթացքում պետք է ներկայացվի միջանկյալ զեկույց: Նախկինում խարտիայի պարբերական զեկույցները ներկայացվում էին երեք տարվա պերբերականությամբ: Հայաստանը խարտիայի պարբերական հինգերորդ զեկույցի միջանկյալ տարբերակը պետք է  ներկայացնի 2019թ. մայիսին, իսկ մեր երկրի վերջին  զեկույցը ներկայացվել է 2016 թվականին: Իր խոսքում ԿԳՆ վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ զեկույցում ընդգրկվելու են պետության կողմից ազգային փոքրամասնությունների կրթության,  լեզվի և մշակությի պահպանման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի առկա խնդիրներին և լուծումների առաջարկներին:
Քննարկման ընթացքում նշվել է, որ միջանկյալ զեկույցը նախատեսվում է քննարկել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ:
Նշենք նաև, որ նախորդ զեկույցների արդյունքներով Հայաստանն արձանագրել է դրական ցուցանիշներ:  

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։