Նոր հուշագրեր՝ աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման

2019-03-14

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Մեխատրոնիկա» մասնագիտության կարճաժամկետ դասընթացի մասնակիցների ավարտական վկայագրերի հանձնումը: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յուլիա Ստակյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը։
Միջոցառմանը ներկա էին սոցիալական գործընկերներ, գործատուներ և Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները ներկայացել են իրենց հեղինակած հավաքածուներով:
Միջոցառման ավարտին երկու հուշագիր է ստորագրվել, մասնավորապես, «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Համաձայն հուշագրի՝ կենտրոնում ընդգրկված ընկերությունները կաջակցեն քոլեջին՝ «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման գործում: Մեկ այլ հուշագիր է ստորագրվել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի միջև, համաձայն որի՝ կկազմակերպվի «Կարի տեխնոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների  պրակտիկան, ինչպես նաև աջակցություն կտրամադրվի քոլեջի շրջանավարտներին՝ աշխատանքի տեղավորման հարցում: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։