Արևիկ Անափիոսյանն ընդունել է ՀԲ մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավարին

2019-03-13

 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի ծրագրի ղեկավար Լիրե Էրսադոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  ՀԲ մարդկային կապիտալի ծրագրին և այդ համատեքստում Հայաստանի  ինդեքսին վերաբերող հարցեր, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության ցուցանիշներին: ՀԲ ներկայացուցիչը կարևորել է  մարդկային կապիտալի ինդեքսի բարելավման նպատակով գործողությունների ծրագրի մշակմամբ զբաղվող  միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Միաժամանակ Լիրե Էրսադոն հույս է հայտնել, որ կառավարության նոր ծրագրում մարդկային կապիտալի զարգացմանը  կարևոր տեղ է տրվում:
ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն իր հերթին ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի ցուցանիշների բարելավումը, ինչի մասին վկայում է կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության և գիտության նախարարությանը: Փոխնախարարը շեշտել է, որ ԿԳՆ-ն ձեռնարկել  է մի շարք ռեֆորմներ, որոնք կնպաստեն  մեր երկրում մարդկային կապիտալի ինդեքսի բերելավմանը: Մասնավորապես, նախարարությունը կարևորում է կրթության որակյալ արդյունքը` հիմնված ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հռչակված որակյալ կրթության հիմնական բաղադրիչների վրա (ուսուցիչների,  աշակերտների, միջավայրի, բովանդակության և գործընթացների որակի բերալավում):
Ընդգծելով, որ Հայաստանում մարդկային կապիտալի ինդեքսի բարելավումը մեծապես կապված է կրթության առաջընթացի հետ` ՀԲ ծրագրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր, անդրադարձ է եղել  տվյալների հավաքագրման նոր գործիքակազմին:
Նշենք, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրին միացել է 2018թ. հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից մեկը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։