Կայացել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

2019-02-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի նիստը: Այն վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը` նախարարը նշել է, որ կառավարության և նախարարության մոտեցումը դպրոցական սննդի ծրագրին  միանշանակ դրական է, և այն պետք է լինի շարունակական: Նա կարևորել է ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների սովորողների սննդի կազմակերպումը, հատկապես տաք սննդի տեսքով: Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի անդամներին ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ կառավարությունում քննակվում է հիմնադրամների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Այս համատեքստում դիտարկվում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը: 

Հոգաբարձուների խորհրդի անդամները, համաձայն ընթացակարգի, ԿԳ նախարարին ընտրել են «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի  նախագահ: Այնուհետև հիմնադրամի  գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը ներկայացրել է նախորդ տարվա կատարած  աշխատանքների հաշվետվությունը: Տնօրենի տեղակացմամբ` ստեղծվել է դպրոցական սննդի հանրապետական վերապատրաստումների կենտրոն` Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջում, կատարվել է 1011 տնօրենների և խոհարարների վերապատրաստում: Հրատարկվել է դպրոցական սննդի բաղադրատոմսերի գիրք, դպրոցական սննդի ազգային ծրագրում ընդգրկված 175 դպրոցներում կատարվել է մոնիթորինգ:  Ծրագրի բոլոր գնումները կատարվել են «Պարենի համաշխարհային ծրագրի» չափանիշներին համապատասխան: Կայուն դպրոցական սննդի հետագա շարունակության և ազգային ծրագրի ընդլայնման համար կարևորվում է ենթակառուցվածքների ստեղծումը: Այն ենթադրում է  դպրոցներում ժամանակակից խոհանոցների հիմնադրում, որը տաք սննդի ապահովման հիմնական նախապայմանն է: Հաշվի առնելով, որ մի շարք դպրոցներում խոհանոցներ չկան կամ ապահովված չեն պատշաճ պայմաններ`  Պարենի համաշխարհային ծրագրի պահանջով խոհանոցների ստեղծումը ներառվել է որպես կարևոր բաղադրիչ: Այժմ աշխատանքներ են տարվում ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում խոհանոցների ստեղծման և կահավորման ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի»  տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ սկսած  2010թ-ից: ՊՀԾ-ն ակտիվորեն  աշխատում է  իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ: 
ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների: Մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով տարրական դասարանների 40000 աշակերտների սնունդ: 2019 թվականին նախատեսվում է Արագածոտնի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարության հանձնառությանը: Նշենք, ծրագիրն իրականացվում է մարզերի դպրոցներում, արդյունավետության հիմնական չափանիշներից մեկն էլ համարվում է ծնողական համայնքի մասնակցությունը դպրոցական սննդի կազմակերպմանը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։