Նամականիշի մարմամբ մեկնարկել են Թումանյանի 150 ամյակի հոբելյանական միջոցառումները

2019-02-18

Հովհաննես Թումանյանի թանգարանում, փետրվարի 18-ին տեղի է ունեցել  գրողի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարար, Հ. Թումանյանի 150 -ամյակի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ  Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը,   ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: 1100  դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրվել է Կանադայում` 20 հազար տպաքանակով:
Այնուհետև տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված հոբելյանական  միջոցառումների մեկնարկին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով նախատեսված միջոցառումներին, նշել է, որ Հովհաննես Թումանյանի հոբելյանին նվիրված հանրային միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 19-ին` գրողի ծննդյան օրը.  ժամը 11:00-ին Թումանյանի թանգարանում, իսկ ժամը 12:00-ին` ծննդավայր Դսեղում /Լոռու մարզ/  կսկսվեն տոնական բազմազան միջոցառումներ, որոնց ներկա կգտնի նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը:
«Թումանյանի 150- ամյակը մենք պարտավոր են նշել պատշաճ մակարդակով, ուստի ես ուզում եմ կոչ անել լրագրողներին, մանկավարժներին, որպեսզի հասարակության բոլոր շերտերը  ներգրավվեն հոբելյանական միջոցառումներին: Թումանյանը  գրել, ստեղծագործել և արարել է  բոլորի համար: Նրա թողած գրական ժառանգությունը մեր  ոսկե ֆոնդի արժեքավոր մասն է և  պետությունը մեծ կարևորություն է տալիս Թումանյանի  հոբելյանական տարվան: Հատուկ ուզում եմ հորդորել ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին և ծնողներին, որ հնարավորություններ ստեղծեն, որպեսզի աշակերտները լիարժեք մասնակցեն Թումանյանի 150- ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Թումանյանի 150- ամյակը մեզ համար մեծ տոն է` մայրաքաղաքն արդեն զարդարված է  դրոշներով, թումանյանական էպիզոդներ պատկերող պաստառներով, Թումանյանը մեզ նայում է էկրաններից, մի խոսքոով` Թումանյանն ամենուր է»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք համակարգված ներկայացնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Հովհաննես Թումանյան-150» էջը: Տոնական միջոցառումներ են նախատեսված նաև Թբիլիսում, որոնց ներկա է գտնվելու է  նաև ինքը` նախարար Հարությունյանը:  ԿԳ նախարարի տեղեկացմամբ`  այս տարի լրանում է նաև Կոմիտասի 150- ամյակը, որի հոբելյանական ծրագրի մասին կիրազեկվի լրացուցիչ: Արայիկ Հարությունյանը նաև տեղակացրել է, որ Թումանյանի 150- ամյակին նվիրված հոբելյանական մրջոցառումներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-19 թվականների օրացույցում:
Մամուլի ասուլիսի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր, Թումանյանի  թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը ներկայացրել են հոբելյանական ծրագրի մանրամասները:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի տեղեկացմամբ` փետրվարի 19-ին ժամը 11:00-ին շեփորահարները կազդարարեն հոբելյանական  միջոցոռումների սկիզբը, որոնք կշարունակվեն մինչև երեկո: Միջոցառումները շարունակվելու են ներսում և դրսում միաժամանակ. դրսում կլինի համերգային ծրագիր, իսկ ներսում` տեղի կունենա թումանյանական կենդանի էքսպոզիցիայի ցուցադրություն, որը Հայաստանի թանգարանային  կյանքում նորություն է. «Առաջին փորձն է կենդանացնելու  թանգարանի էքսպոզիցիան. Ժամը 11-ից մինչև 17-ը կներկայացնենք թումանյանական կերպարները: Իսկ դրսում ժամը 13:30-ին կսկսվի համերգային ծրագիր: Փետրվարի 19-ի տոնական միջոցառումների շարքում է նաև «Անուշ» օպերայի բեմադրումը թանգարանում` հարմարեցված թանգարանային միջավայրին»,- նշել է Անի Եղիազարյանը և հավելել, որ օպերային ներկայացումը տարվա  ընթացքում մի քանի անգամ կրկնվելու է, որպեսզի շատերը կարողանան  ունկնդրել  «Անուշի»  յուրօրինակ բեմականացումը: Թանգարանի օրը փետրվարի 19-ին կավարտվի տոնական հրավառությամբ` «Ալմաստ» օպերայի հնչյունների ներքո:
ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի տեղեկացմամբ` ողջ տարվա ընթացքում Թումանյանի թանգարանը հոբելյանական միջոցառումների շրջանակում հանդես է գալու տարբեր նախաձեռնություններով՝ օլիմպիադա, թումանյանական ընթերցումներ, գիտաժողով և այլն: Նախատեսվում է Թումանյանի հատորյակի նոր հրատարակություն, որի առաջին երկու հատորներն արդեն հրատարակվել են: Նոր հատորյակում տեղ են գտնելու նաև ամենայն հայոց բանաստեղծի անտիպ գործերը: Նախապատրաստվում է նաև Հովհաննես Թումանյանին ուղղված նամակների հրատարակում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։