Նոր նախաձեռնություն` միտված թեթև արդյունաբերության զարգացմանը

2019-02-06

ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության կայացումն աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: «Մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը թեթև արդյունաբերության ոլորտն է, որի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է: Իսկ տնտեսության զարգացումն առանց միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման և մրցունակ կադրերի հնարավոր չէ: Համագործակցության այս մոդելը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ գործատուն իր միջոցներով կադրեր է պատրաստում ոչ միայն իր արտադրական կառույցում ներգրավելու, այլև ոլորտը զարգացնելու և մրցունակություն ապահովելու նպատակով: Մրցունակ մասնագետների պատրաստումը նաև պետք է դիտարկել մեր երկրում աղքատության նվազման տեսանկյունից, որն այսօր կառավարության գերակայությունների շրջանակում է»,-նշել է նախարարի տեղակալը:
ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է ՄԿՈՒ ոլորտում՝ ընդգծելով մասնավոր հատված-կրթության համագործակցության կարևորությունը: «Ներդրումային պայմանագրերի առումով սա իսկապես բացառիկ դեպք է, երբ մասնավոր բիզնեսը դեմքով շրջվում է դեպի կրթության ոլորտ ոչ միայն կառավարման խորհուրդներում ընդգրկվելու, կադրերի պատրաստման գործընթացում ներգրավվելու, այլ նաև ներդրումների կատարելու տեսանկյունից»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը՝ համագործակցության համար:
«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝ հուշագրի միջոցով հնարավորություն կընձեռվի քոլեջի ուսանողներին հետագայում աշխատանք գտնել ընկերությունում: «Իհարկե, մենք որևէ նախապայման չենք դնում, որ ուսանողները անպայման պետք է մեզ մոտ աշխատանքի անցնեն. մենք ուղղակի աշխատանքային գրավիչ պայմաններ ենք ստեղծելու նրանց համար: Ինչ խոսք, մենք ևս ունենք որակյալ կադրերի խնդիր: Բոլորս մեր տեղում՝ կառավարությունը,  «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, պետք է մեկտեղենք մեր ուժերը՝ զարգացնելու մեր երկրի համար կարևորագույն թեթև արդյունաբերության ոլորտը»,-նշել է նա՝ հավելելով, որ հուշագրի շրջանակում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կվերանորոգվի և կվերազինվի ժամանակակից սարքավորումներով:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ կողմերը պարբերաբար իրականացնելու են մասնագետների պատրաստման և վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ՝ ընկերության ներկայացրած առաջարկներին և պահանջներին համապատասխան, մշակելու են անհրաժեշտ մասնագիտական մոդուլներ՝ հաշվի առնելով աշխատանքների յուրահատկությունները և հեռանկարային զարգացումները,  ինչպես նաև ուսանողների համար կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ և ճանաչողական այցեր ընկերություն և այլն: Բացի այդ, կողմերն աջակցելու են միջին և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորմանը, Երևանի և ՀՀ տարբեր տարածաշրջանների թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրմանը և այլն:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։