Համագործակցության հուշագիր` կրթություն-աշխատաշուկա մերձեցման շրջանակում

2018-12-26

Կարևորելով Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում կրթության ոլորտի զարգացումը և աշխատաշուկայի համալրումը որակյալ մասնագետներով՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը մասնագետներ կպատրաստեն  նախնական մասնագիտական /արհեստագործական/ ծրագրերով՝ գյուղատնտեսական ոլորտի և աշխատաշուկայի  պահանջներին համապատասխան:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով հուշագրի բոլոր կողմերին, նշել է, որ ՄԿՈւ ոլորտում սա արդեն չորրորդ համաձայնագիրն է, որ կնքվում է գործատուի և ուսհաստատության միջև: «Հուշագրերի կնքումը փոխադարձաբար պարտավորեցնող բնույթ ունի՝ էլ ավելի խորացնելու գործատուների և ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունները՝ երկուստեք տարվող աշխատանքներում հնարավորինս շատ ուսանողներ ներգրավելով: Այժմ մեծ ուշադրություն է դարձվում ուսումնարաններին և քոլեջներին. նախկինում որոշակի օբյեկտիվ պատճառներով՝ տնտեսության փլուզում, սեփականաշնորհված  շենք–շինություններ և այլն, արժեզրկվել էր այս հաստատությունների դերը: Եթե նախկինում հաճախ առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ պահանջարկն է ծնում առաջարկ, ապա այժմ առաջարկն է ծնում պահանջարկ: Մենք առաջարկ ստեղծողներ ենք. եթե ունենք ջիղ, ստեղծագործական մոտեցում, ապա հնարավոր է հասնել հաջողության: Օրինակ՝ «Բանդիվան կաթ» ընկերությունը, որն աճող և հաջողակ բիզնես է, մեծ ասպարեզներ կբացի ուսումնարանի համար: Ձեր շենքային, գույքային պայմանները պետք է համապատասխան բովանդակությամբ լցնել, ուսանող-դասախոս հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ առավելագույն ջանքերով հասնելով հաջողության: Այսօր երկրում անասնաբույժների կարիք կա՝ շուրջ 300-400 աշխատատեղ: Եթե մասնագիտության մեջ ունեք հաջողություններ և առաջամարտիկ եք, ապա հնարավոր է առանց բուհ ավարտելու՝ դառնալ բարձր պահանջարկ ունեցող մասնագետ: Իհարկե, որոշակի դժվարություններ կան՝  տրանսպորտի, դասագրքերի հետ կապված, սակայն կարիքի հստակ ձևակերպումը, պետության հնարավոր աջակցությունը կապահովեն ձեր հաջողությունները»,-դիմելով ուսանողներին՝ նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:

ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ ներկայումս կարճաժամկետ ծրագրերի ուսուցման համար կա բովանդակային դաշտ և նյութատեխնիկական բազա: «Տեսական և գործնական գիտելիքների համադրումով կհասնենք որակի բարձրացման: Մասնագետները պետք է ծառայեն պետությանը՝ աշխատելով գործատուի հետ, ինչը կնպաստի գործազրկության մակարդակի իջեցմանը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով «Բանդիվան կաթ» ընկերությանը:

«Բանդիվան կաթ» ընկերության տնօրեն Էդիկ Ներսիսյանն իր հերթին նշել է, որ ուսումնարանի հետ համագործակցությունը շուտով կտա իր արդյունքները: «Առաջիկայում կլուծվեն կադրային խնդիրներ, կբարձրանա կրթության որակը, և կապահովենք գործազրկության նվազում: Լավագույն ուսանողները կտեղավորվեն աշխատանքի և նույնիսկ հնարավորություն կունենան հիմնել սեփական փոքր բիզնեսը»,-ընդգծել է նա:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ գործատուն կաջակցի նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցների աշխատանքի տեղավորմանը, մասնավորապես, Շիրակի մարզում գործող սննդի արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրման գործում, ինչպես նաև կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ: Ուսումնարանն իր հերթին կիրականացնի արհեստավորների պատրաստումը և վերապատրաստումը՝ «Բանդիվան կաթ» ընկերության կողմից ներկայացված առաջարկների և նախնական /արհեստագործական/ կրթական ծրագրերի իրականացման պահանջներին համապատասխան:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։