Մրցանակներ՝ «Իթվինինգ» ծրագրի լավագույն մասնակիցներին

2018-12-24

«Քվանտ» վարժարանում տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են 2018 թվականի ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու 2019-2020 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ 

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Որակի ազգային մրցանակաբաշխության արարողությունը: Հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2018 թվականի ընթացքում  «Իթվինինգ» ծրագրին  լավագույն մասնակցություն ցուցաբերած աշակերտներին, ուսուցիչներին և դպրոցներին:
Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը. «Նախարարի անունից շնորհավորում եմ ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներին և մասնակիցներին: Նախարարությունը կարևորում է ուսուցիչների մասնագիտական կատարելագործմանը, դասապրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը միտված բոլոր ծրագրերը. դրանք օգտակար են կրթական համակարգի բոլոր շահառուների համար: «Իթվինինգ» ծրագիրը միջազգային համագործակցության արդյունավետ հարթակ է դարձել, և անհրաժեշտ է ընդլայնել ծրագրում ընդգրկված դպրոցների, ուսուցիչների և աշակերտների թիվը»,- իր խոսքում նշել է Գ. Մամիկոնյանը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ «Իթվինինգ» ծրագրում ներկայումս ընդգրկված է մոտ 300   հայաստանյան դպրոց, շուրջ 1200 ուսուցիչ` մարզերից և Երևանից: «Հայաստանի դպրոցների մասնակցությունը «Իթվինինգ» ծրագրին օգտակար է և նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը»,- նշել է ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը:
2018 թվականին մեկուկես տասնյակ ուսուցիչներ մասնակցել են տարբեր միջազգային միջոցառումների: Այս տարվա մայիսին Հայաստանում անցկացվել է «Իթվինինգ» ծրագրի միջազգային սեմինարը, որին մասնակցել է 7 եվրոպական երկրի 60 ներկայացուցիչ: Հայաստանյան սեմինարի ժամանակ ձևավորված նախագծերից մի քանիսը դարձել են եվրոպական ծրագրի հաղթող:
«Իթվինիգ» ծրագրի ազգային փուլի մրցույթում այս տարի ներկայացվել է 37 նախագիծ` տարիքային երեք խմբերի համար: 
Հայաստանի դպրոցների մասնակցությունը «Իթվինինգ» ծրագրին սկսվել է 2013 թվականից: Հաշվի առնելով, որ «Իթվինինգ» ծրագրի նախագծերը իրականացվում են եվրոպական լեզուներով, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում ուսուցիչների համար, ԿՏԱԿ-ը նախաձեռնել է նախագծի հայաֆիկացման գործընթացը: Ստեղծվել է «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս է ընդգրկվել «Իթվինիգ» ծրագրում` ներկայացնելով հայերեն նախագծեր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։