Դպրոցը հեռու պահել քաղաքական թոհուբոհից. Արայիկ Հարությունյան

2018-11-21


Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները չեն կարող օգտագործվել որպես վարչական ռեսուրս: Կրթական գործընթացը բացառապես ապաքաղաքական է և աշխատանքային ժամերին դպրոցի տարածքում արգելվում է որևէ տեսակի քարոզչություն: Աշխատանքային ժամից դուրս մանկավարժներն, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, ազատ են իրականացնելու իրենց քաղաքացիական և քաղաքական համոզմունքներից բխող գործողություններ: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին ուղղված իր խոսքում նշել է, որ Երևանի ավագանու վերջին ընտրություններում դպրոցները զերծ են մնացել քաղաքականացումից. «Ավագանու ընտրությունների  վերաբերյալ  մենք որևէ ահազանգ չենք ստացել, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ առաջիկա ընտրությունների ժամանակ ևս կարող ենք շարունակել նույն ոգով` լիարժեք պահպանելով օրենքը: Մեր կարևոր անելիքն է` դպրոցը հեռու պահել քաղաքական թոհուբոհից: Եթե մեզ հաջողվի դեկտեմբերի 9-ի համապետական ընտրությունների ժամանակ դպրոցը հեռու պահել քաղաքականացվելու բացասական երևույթից,  ապա կարող ենք լիարժեք ասել, որ այս  խնդրին այլևս չենք անդրադառնալու,- նշել է նախարարի պաշտոնակատարը և շարունակել,- եթե որևէ մեկը փորձ կանի զանգով, հորդորով կամ այլևայլ միջոցներով ձեզ ներքաշել քաղաքական քարոզչության մեջ, խնդրում եմ անպայման տեղյակ պահել այդ մասին: Որևէ նշանակություն չունի, թե ում համար է արվելու քարոզչության միջնորդությունը: Ես կարծում եմ, որ մենք նման խնդիր չենք ունենալու, բայց նաև բացառված չէ, որ կարող են լինել մարդիկ, ովքեր կգնան նման գայթակղության»:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթական հաստատությունների տարածքները, ինչպես նախկինում,  այժմ ևս, տրամադրվելու են որպես ընտրատեղամասեր, քանի որ դրանք համարվում են հանրության համար  առավել մատչելի և հասանելի վայրեր: Կազմակերպչական աշխատանքները, սակայն, պետք է այնպես կազմակերպել, որ  որևէ կերպ չխանգարեն կրթական գործընթացին: 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին նշել է, որ հանդիպման նպատակը դպրոցներին ավելորդ խնդիրներից զերծ պահելն է. «Մենք համոզված ենք, որ դուք որևէ ցանկություն չունեք դպրոցն ու կրթությունը խառնել քաղաքականությանը: Հանդիպման նպատակը ձեզ ու մեզ ավելորդ պատմություններից  և անցանկալի սկանդալներից հեռու պահելն է»,- նշել է Հայկ Մարությանը:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ավարտական քննությունների կազմակերպմանը և նշել, որ 12-րդ դասարանում այս տարի կենտրոնացված  ավարտական քննություն չի կազմակերպվի: Կենտրոնացված քննություն կհանձնեն միայն 9-րդ դասարանցիները` հայերենից: Նման որոշման պատճառը, ինչպես նշել է Արայիկ Հարությունյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացված արտաքին գնահատման արդյունքներն են. «Պետք է արձանագրենք, որ թե’ հայերենից, թե’ մաթեմատիկայից ունենք շատ վատ արդյունքներ: Նման իրավիճակում, եթե 12-րդ դասարանում  անցկացնենք կենտրոնացված քննություն, ապա անբավարար ստացողների  թիվը կարող է մտահոգիչ լինել, ուստի մենք կարող ենք խնդիր ունենալ  նաև Պաշտպանության նախարարության հետ` զորակոչի կազմակերպման առումով: Ուստի այս տարի 12-րդ դասարանում որևէ փոփոխություն չի լինի»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ  կենտրոնացված ավարտական քննությունների հարցը դեռ փակված չէ,  առաջիկա տարիներին այն լինելու է պարտադիր:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ ԳԹԿ-ն արդեն հրապարակել է 9-րդ դասարանի հայերենի ավարտական քննության թեստի նմուշը:  

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։