Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

2018-11-15

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:

Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է,  որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են  հնչում` եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում  Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են  նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը   շատ հստակ է. կոնկրետ կառույցում  զարգացման  տեսլականը կարող ես  վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը,  գիտելիքներն ու կապերը  շատ կարևոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի և թատրոնի ոլորտի ներկայացուցիչները  ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը  մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ  է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետևողական  աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, և արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաև հրապարակային դրսևորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարևորում ենք նաև բուհական համակարգի միջազգայնացումը և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի և կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր:

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար և շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար:

Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ : 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին  ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։