Հայաստանի դպրոցներում կներդրվի ԱՏՀ ուսուցում

2018-11-14

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «KARDÉS» կազմակերպության, ՀԲԸՄ Հայաստանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցության մեկնարկը՝ ՀՀ դպրոցներում Աշխարհատեղեկատվական համակարգը (ԱՏՀ)՝ որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու շուրջ:  Այդ նպատակով այսօր՝ ԱՏՀ-ի միջազգային օրը, ուսուցիչների համար կազմակերպվել է առաջին սեմինար-դասընթացը, որին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 մասնակից՝ ծանոթանալու ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ դպրոցներում ԱՏՀ-ն՝ որպես թվային գործիք կիրառելու վերաբերյալ ծրագիրը ներկայացվել է Կրթության և գիտության նախարարություն, և Կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել դրական եզրակացություն: «ԱՏՀ-ն՝ հանրակրթության մեջ որպես գործիք, կիրառվում է շատ երկրներում, մասնավորապես, STEM/ԳՏՃՄ-ի շրջանակում և ոչ միայն: Հույս ունենք, որ ծրագրին մասնակից ուսուցիչները կծանոթանան այս գործիքին և կփորձեն կիրառել այն ուսումնական գործընթացում՝ այդպիսով կրթության որակի բարձրացման մեջ ունենալով իրենց ներդրումը: Ուսուցիչները շարունակաբար կվերապատրաստվեն Վիրտուալ համալսարանի տրամադրած հարթակում, որի գնահատման արդյունքում կփորձենք հասկանալ՝ ինչպես այն տարածել ՀՀ բոլոր դպրոցներում, որը մտնում է մեր հեռահար նպատակների մեջ: Գործիքն անվճար կտրամադրի «KARDÉS» կազմակերպությունը՝ հայերեն թարգմանված»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակից յուրաքանչյուր մարզից ընտրվել է 5 դպրոց  և 10 ուսուցիչ /յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 6-7-րդ դասարանում դասավանդող աշխարհագրության և մաթեմատիկայի երկու ուսուցիչ/:
«KARDÉS»-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանն իր հերթին նշել է, որ ԱՏՀ-ն հարցումների և որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք և պահանջված ոլորտներում տրամադրում է մասնագիտական հմտություններ: «ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում «STEM/ԳՏՃՄ» կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի՝ ինչպես օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում՝ աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական և տարածական մտածողությունը»,-նշել է Բագրատ Բալաբանյանը:
«ԱՏՀ-ն կրթական, նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիների ընթացքում: «KARDÉS»-ի հետ միասին մենք կներդնենք մեր փորձը և գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,-իր հերթին նշել է ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր Skype-ով:
Միջոցառման ընթացքում «KARDÉS»-ի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։