Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, դաստիարակ մրցույթների հաղթողների պարգևատրում

2018-11-12

«Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթները, համաձայն գործող կարգի,  կազմակերպվում են երեք փուլով:

Ամփոփիչ հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ`  Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին ամփոփել են արդյունքները և ընտրել հաղթողներին, որոնց անունները կհրապարակվի պարգևատրման արարողության ժամանակ:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներն այս տարի կստանան դրամական պարգևներ: Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվել են  նաև մի շարք անվանակարգերի հաղթողներ, ովքեր նույնպես կխրախուսվեն:

Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվեն Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Միջոցառման ընթացքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին պարգևներ կհանձնի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։