ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը

2018-11-09

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, հյուրեր: ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, շրջանավարտներին և գործընկերներին՝ նշելով, որ ֆակուլտետը Հայաստանի գիտության, ԵՊՀ-ի կարևորագույն կառույցներից մեկն է: «Իմ կյանքում թե՛ որպես ուսանողի, թե՛ որպես դասախոսի, և թե՛ որպես քաղաքական գործչի՝ արևելագիտության ֆակուլտետը կարևոր դերակատարություն է ունեցել: Ֆակուլտետն ունի ակադեմիական լուրջ ավանդույթներ. ես դա զգացել եմ ինձ վրա, երբ արտասահմանում ուսանելիս համեմատել եմ իմ ստացած գիտելիքները համակուրսեցիներիս հետ՝ Դամասկոսի, Մոսկվայի և այլ գիտահետազոտական կենտրոններում: Արևելագիտության ֆակուլտետը նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել. ոչ միայն Խորհրդային Միության տարիներին, այլ նաև 90-ականներին, 2000-ականներին, առավել ևս վերջին իրադարձությունների ընթացքում ֆակուլտետի ուսանողները և դասախոսները ակտիվ գործունեություն են ծավալել: Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ցանկանում եմ ընդգծել դրա առանձնահատկությունը, այն է՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության և իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը, որը դաստիարակել է բաց մտածելակերպ, բազմամշակութայնություն, հանդուրժողականություն և ժամանակակից կյանքում հաջողության գրավական հանդիսացող բազմաթիվ այլ կարողություններ»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հատկությունների շնորհիվ է, որ յուրաքանչյուր գերատեսչությունում արևելագետները մեծ ներդրում ունեն և կարողանում են ինքնադրսևորվել նույնիսկ ոչ մասնագիտական գերատեսչություններում: «50 տարին մեկ անգամ մարդու  կյանքում այն բնագիծն է, երբ կուտակված փորձն ու ձևավորված կենսակերպը վերածվում են ծրագրերի և իրագործվում են: Այսօր մեր երկիրը, այդ թվում նաև ԵՊՀ-ն լուրջ փոփոխությունների առջև են կանգնած, որովհետև 21-րդ դարն այլ պահանջներ է ենթադրում: Պետք է չլինեն այսպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, բուհերի ինքնավարությունը: Վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ-ի անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել հաջողության»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ կարվի առավելագույնը, որպեսզի արևելագիտության ֆակուլտետը հետայսու ևս լուրջ դերակատարում ունենա կրթության և գիտության զարգացման և քաղաքացու ձևավորման հարցում:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո մեկնարկել է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։