Կրթության քաղաքականության մշակման և իրականացման հիմքում պետք է լինեն հետազոտությունները և վիճակագրական տվյալները. Ա. Անափիոսյան

2018-10-19

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել է երկօրյա սեմինար-շնորհանդես՝ ԿՏԱԿ-ի գործունեության, կառավարման համակարգերի, Իթվինինգ ծրագրի առաջընթացի, ինչպես նաև TIMMS միջազգային գնահատման երկրորդային վերլուծության ներկայացման նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կրթական համակարգն այսօր ըստ արժանվույն չի օգտագործում այն բազմաթիվ ծառայությունները, որոնք առկա են ԿՏԱԿ-ում: «Կարծում եմ՝ այս միջոցառումը կարևոր է այն տեսանկյունից, որ արձանագրենք, թե ինչ հնարավորություններ ունենք, ինչպես կարող ենք ընդլայնել դրանք և քաղաքականության մշակման և իրականացման համար օգտագործել այն ողջ տեղեկատվական բազան, որ հավաքում է ԿՏԱԿ-ը: Կրթության ոլորտում քաղաքականության մշակման տեսանկյունից ցանկանում եմ ԿՏԱԿ-ի կարևորությունը շեշտել երկու տեսանկյունից: Նախ, տարիներ շարունակ աշխատելով կրթության ոլորտում՝ մեր գործընկերների հետ մշտապես մտահոգություն ենք հայտնել, որ մեր երկրում անհրաժեշտ է իրականացնել փաստերի, հետազոտությունների և վիճակագրական տվյալների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում: Հետևաբար, եթե կարողանանք ճիշտ ձևով սկզբից հավաքել տվյալները և դրանք վերլուծել, ապա կկարողանանք դրանք փոխակերպել քաղաքականության և որոշումներ կայացնել: Օրինակ, կան դպրոցներ, որոնք չունեն բավարար թվով առարկայական ուսուցիչներ: Այս տվյալներն ինչ-որ տեղ  կան, բայց դրանք քաղաքականության մշակման գործում չեն արտացոլվում: Հետևաբար, պետք է տիրապետենք այդ տվյալներին և վերլուծենք, թե ինչու այդ դպրոցներում տարբեր պատճառներով չունենք ուսոուցիչներ, երեխաները չեն կարողացել իրացնել կրթության իրենց իրավունքը, ապա մշակենք և գտնենք արդյունավետ լուծումներ: Բնականաբար, այդ տվյալների բազայի հավաքագրման համար կարևոր է բոլորի ներդրումը, քանի որ  առ այսօր ունենք դպրոցներ, որոնք չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Սա խնդիր է, որովհետև հունվարի մեկից դպրոցների ֆիանանսավորումն իրականցվելու է ըստ այն ցուցիչների, որ դպրոցները ներկայացրել են: Եվ եթե այդ տվյալները ԿՏԱԿ-ի բազայում չլինեն, դպրոցները փաստացի ֆինանսավորման խնդիր կունենան: ԿԳՆ-ն՝ որպես լիազոր մարմին, ակնկալում է, որ ի դեմս դպրոցների՝ ունենք ոլորտի համար մտահոգ համակիրներ, ովքեր կաջակցեն մեզ՝ միասին իրականացնելու ակնկալվող բոլոր բարեփոխումները»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ սեմինարի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկումներ:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի, ՏՀՏ բովանդակության, հեռավար ուսուցման վերաբերյալ նյութեր, ինչպես նաև դպրոցների համագործակցության եվրոպական Իթվինինգ և ազգային ծրագրերը, TIMSS – 2003-2015 տվյալների երկրորդային և ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտությունների 2014-2018թթ․ արդյունքների վերլուծությունները:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։