ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ ԳԱԱ 75 ամյակի կապակցությամբ

2018-10-18

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք շնորհավորել ձեզ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա տարեդարձի առթիվ։
Հիմնադրված լինելով ականավոր գիտնականներ Հովսեփ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի և Վիկտոր Համբարձումյանի անմիջական մասնակցությամբ՝ ակադեմիան իր ստեղծման պահից նշանակալի դերակատարություն է ունեցել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման, գիտակրթական կանոնավոր գործունեության ձևավորման և կայացման, ժամանակի պահանջներին համապատասխանող գիտաարդյունաբերական հզորությունների, տարածաշրջանում նախադեպը չունեցող գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման գործում։ Բնական և ճշգրիտ գիտությունների բնագավառում միջազգային մակարդակի նվաճումներ ունենալով հանդերձ՝ ակադեմիան մեծ ներդրում է ունեցել նաև հումանիտար գիտելիքի ասպարեզում, մասնավորաբար՝ հայագիտությունը զարգացնելու, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ուսումնասիրելու և համաշխարհային գիտական հանրությանը ներկայացնելու գործում։
Անցած տասնամյակների բարձունքից գնահատելով այդ դերն ու նշանակությունը՝ կարելի է վստահորեն հաստատել, որ ակադեմիան իր գործունեության արդյունքում ձևավորել է գիտական և կրթական մի ավանդույթ, որը վերաիմաստավորվելու, այսօրվա պահանջներին և մարտահրավերներին համապատասխանեցնելու լուրջ կարիք ունի։ Ակադեմիական համակարգի արդիականացումը, ձևավորված գիտական դպրոցների բնականոն ժառանգականությունն ապահովելու, ենթակառուցվածքների կառավարումը բարելավելու և երիտասարդացնելու հրամայականը մեր գիտակրթական ոլորտի այլևս անհետաձգելի խնդիր է։ Նոր Հայաստանում մեզ համար օրախնդիր է ունենալ նոր և նորացված ակադեմիա:
Տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, գիտելիքի արագ նորացումն ու տարածումը, գիտության և կրթության համաշխարհայնացումը ակադեմիայի առկա ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների կառավարման նկատմամբ նոր՝ արդիական և մրցակցային մոտեցումներ որոնելու, այդ մոտեցումների հիման վրա խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու կենսական անհրաժեշտություն են առաջացնում։ Համոզված եմ, որ այդ բարեփոխումների պահանջը գիտակցվում է ակադեմիայի համակարգում միավորված ինստիտուտների հարյուրավոր գիտնականների, գիտության ասպարեզում իրենց առաջին քայլերն անող երիտասարդների կողմից, և վստահ եմ, որ մենք անհրաժեշտ կամք ունենք դրանք իրականացնելու՝ ի շահ Հայաստանի գիտության հզորացման և առաջանցիկ զարգացման։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս նշանավոր հոբելյանի առթիվ։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։