Հայաստան-Գերմանիա. կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները նկատելի են

2018-10-18

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպում է  ունեցել  ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր և ժողովուրդն իր մանդատը տվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մ. Զիբերտը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է խորացնել հայ- գերմանական համագործակցությունը և իր պատրաստակամությունն է արտահայտում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ներդրման ու խորացման աջակցության հարցում։
ԳԴՀ պաշտոնյան ողջունել է ՀՀ կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում  համընդհանուր պայքար է մղվում կոռուպցիայի դեմ և մասնավորապես կրթության ոլորտում արդյունքներն արդեն նկատելի են։ Կողմերն անդրադարձել են նաև  բուհերի կառավարման մարմինների քաղաքական ազդեցություններից հեռու պահելու հարցերին։
ԿԳ նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի ծրագրային քաղաքականության, ռազմավարության և միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիտ Թոմանի հետ։ Գ. Թոմանը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում ԳԴՀ-ի փորձը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտում խորացնել համագործակցությունը, մասնավորապես համատեղ գործողությունների ծրագիր կազմել։   
Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան։ Ընդգծելով Յ. Լեփսիուսի ունեցած դերը հայ ժողովրդի պատմության մեջ` կարևորել է տուն-թանգարանի կողմից իրականացվող մշակութային և գիտահետազոտական աշխատանքները։  Հանդիպման ընթացքում քննարկվել են  տուն-թանգարանի և Հայաստանի համապատասխան կրթական և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։