10 ավագ դպրոցներում փորձարկվում են ՏՀՏ առարկաներ

2018-10-02

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարանում մասնակցել է 2015 թվականից փորձնական նպատակով 10 ավագ դպրոցներում ներդրված «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման արդյունքների ներկայացմանը և ամփոփմանը: Միջոցառմանը ներկա են եղել Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործատուների միության, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և «Յունիքոմփ» ընկերությունների միջև 2015 թվականին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակի բարձրացումն էր:
Հուշագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովել է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակել և հաստատել է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: 2019 թվականից նախատեսվում է ներդնել նաև «Ծրագրավորում» առարկան: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 20 ուսուցիչ, ընդգրկվել է 2750 աշակերտ:
Ծրագրում ընդգրկված  դպրոցների տնօրենների դիտարկմամբ ՏՀՏ առարկաների ներդրումն ավագ դպրոցների բնագիտական հոսքերում օգտակար է և կարևոր նշանակություն ունի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում: Մինչդեռ մասնագիտական մտահոգություն կա, որ հումանիտար հոսքերում այս առարկաների ուսուցման արդյունավետությունը կարող է բարձր չլինել: Գնահատելով ծրագրի ընդլայնման հեռանկարը` Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ ՏՀՏ առարկայախումբն օգտակար է ավագ դպրոցի բովանադակության բարելավման համատեքստում. «Մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում ավագ դպրոցի կրթական ծրագրի բովանդակությունը փոխելու ուղղությամբ: ՏՀՏ առարկաների ներդնումն ավագ դպրոցներում փորձարկվող լավագույն ծրագրերից է և մենք մտադիր ենք այն շարունակել և քննարկել ծրագիրն ավելի շատ դպրոցներում տարածելու հարցը: Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, իսկ դպրոցը հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- նշել է  Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով փորձնական ծրագրով դպրոցների ընտրության հարցին` նախարարն ընդգծել է, որ առաջին փուլում ընտրվել են այն հաստատությունները, որտեղ բարձր է բնագիտական հոսքի ուսուցումը: «Եթե ավագ դպրոցում բնագիտական ուժեղ հոսքեր չկան, այս առարկաների ներդնումն ավելի բարդ կլինի և մենք որոշակի խնդիրներ կունենանք: Ամեն դեպքում համոզված եմ, որ խնդիրները լուծելի են»,- կարծիք է հայտնել նախարարը և հավելել, որ առաջարկություն կա դպրոցներն ընտրել մրցութային կարգով: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ՏՀՏ առարկայախումբն ուսանող «Քվանտ»  դպրոցի աշակերտների հետ: Փորձնական ծրագրում ընդգրկված 10 դպրոցների ներկայացրած վիճակագրության համաձայն` այս առարկայախումբն ուսումնասիրող աշակերտները հիմանկանում ընտրում են բանագիտական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ:

 Նշենք, որ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը   մասնակցել է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստումը և ֆինանսավորել է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 70 միլիոն դրամ:
Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
«Յունիքոմփ» ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում և դպրոցների  ՏՀՏ լաբորատորիաների վերազինում:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։