Միջավայրի հարմարեցումը` համընդհանուր ներառական կրթության բաղադրիչ

2018-09-17

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարութունյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանում ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  հայաստանյան գրասենյակի  ղեկավար Դեբորա Գրիսերին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ հանդիպման վայրը նպատկային է ընտրված և միտում ունի աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրայնացմանն ու միջազգային վարկանիշի ձևավորմանը: Պորլիտեխնիկական համալսարանի Schneider գերազանցության կենտրոնի սրահում կազմակերպված աշխատանքային հանդիպումն այս շարքում առաջինն է:  Հետագայում այս ձևաչափով հանդիպումները միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տարբեր բուհերում կլինեն շարունակական:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում համընդհանուր ներառական կրթության  անցում կատարելու գործընթացին առնչվող հարցեր: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ անցումը համընդհանուր ներառական կրթության, ՀՀ կառավարության և ԿԳ նախարարության առաջնահերթություններից է:  Նախարարը տեղակացրել է, որ այս ուսումնական տարվա սկզբից Արմավիրի մարզում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2019 թվականից Երևանի անցումն ապահովելու ուղղությամբ. «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը նշանակում է  ունենալ արժեքների նոր, ավելի բարձր որակ: Սա սկզբունք է, որը բխում է  Հայաստանի նոր կառավարության գործելաոճից և համահունչ է  մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների տրամաբանությանը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ մեծ ցանկություն կա ներառական կրթության ներդրման գործընթացն իրականացնել հնարավորինս արագ, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման հարցում  ԿԳ նախարարությունն ակնկալում է միջազգային կառույցների, այդ թվում նաև  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  աջակցությունը: Նշվել է, որ անգամ այն մարզերում, որտեղ անցում է կատարվել համընդհանուր ներառականության, կան միջավայրի հարմարեցման հետ կապված  խնդիրներ: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են  Սյունիքի մարզում ավելի քան մեկ տասնյակ դպրոցների և մեկ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերանորոգման և վերազինման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ: Դեբորա Գրիսերն իր հերթին վստահություն է հայտնել, որ Սյունիքի մարզում նախատեսված աշխատանքները կնպաստեն համընդհանուր ներառական կրթության համակարգի արդյունավետ ներդրմանը: Անդրադառնալով կրթության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ուղղությամբ առաջընթացն արդեն նկատելի է: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երեխային մատուցվող կրթական և սոցիալական ծառայություններին, որպես ներառական կրթության անցնելու կարևոր բաղադրիչ:
Հանդիպման ավարտին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  հայաստանյան գրասենյակի  ղեկավար Դեբորա Գրիսերն շրջայց են կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի 6-րդ մասնաշենքում տեղակայված «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» նորարարական կենտրոնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։